Լավ բժիշկը պետք է նաեւ հոգեբա՞ն լինի

15:06   17 սեպտեմբերի, 2014

Բժիշկներին ցանկալի է հոգեբանական գիտելիքներ ունենալ՝ դա նրանց հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել եւ ավելի նրբանկատ լինել պացիենտների նկատմամբ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հոգեբան Սեդրակ Սեդրակյանն է նշել:

Հոգեբանի խոսքով, այն, թե ինչպես է բժիշկը խոսում հիվանդի հետ եւ ինչպես է հայտնում նրա առողջությանը վերաբերվող նորությունները, կարող է մեծ ազդեցություն ունենալ հիվանդի հետագա կյանքի եւ նրա հիվանդության ընթացքի վրա: Եթե, օրինակ, բժիշկը միանգամից ասում է պացիենտին, որ նրա մոտ քաղցկեղ է՝ այն էլ, արդեն երրորդ փուլում, կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի պացիենտի հետ, ով դեռ մի քանի ժամ առաջ չէր էլ կարող մտածել, որ ինչ-որ լուրջ խնդիր ունի:

«Բժիշկի մեկ խոսքը կարող է փրկել կամ խորտակել մարդուն», - ասել է հոգեբանը, հավելելով, որ երբեմն բավական է, որ բժիշկը ասի մեկ բառ, օրինակ, «ափսոս», եւ պացիենտի ողջ հոգեկան հավասարակշռությունը խախտվում է:

Ինչպես Սեդրակ Սեդրակյանն է նշել, շատ մարդիկ՝ իրենց օրգանիզմը լավ չճանաչելով, կարող են ցանկացած խնդրից, նույնիսկ մի փոքր պզուկից վախենալ: Բայց իհարկե, գրագետ հոգեբանական մոտեցման կարիք ունեն ոչ միայն այդպիսի մարդիկ, այլեւ բոլոր այլ պացիենտները: Բժիշկը պետք է կարողանա հանգիստ, գրագետ եւ հասանելի կերպով ամեն ինչ բացատրել հիվանդին, իսկ վատ նորություններ հայտնելուց առաջ՝ նախապատրաստել նրան եւ ճիշտ, նրբանկատ մոտեցում ցուցաբերել: Սակայն, ցավոք, հայաստանցի բժիշկներից քչերն են ձգտում հոգեբանական գիտելիքներ ձեռք բերել եւ դրանք իրենց ամենօրյա պրակտիկայում կիրառել:

Ի դեպ, Սեդրակ Սեդրակյանի կարծիքով, հոգեբանության հիմունքները պետք է նաեւ հոգեթերապեւտներն իմանան: Իսկ ավելի լավ է՝ հոգեբանների հետ որպես մեկ թիմ աշխատեն, քանի որ այդպես նրանց աշխատանքը շատ ավելի արդյունավետ կդառնա:



© NEWS.am Medicine