Ուռուցքներ ախտորոշելու ունակությամբ «էլեկտրոնային մաշկ» է մշակվել

19:45   17 սեպտեմբերի, 2014

Ամերիկացի գիտնականները կրծագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր, կատարելագործված տեխնոլոգիա են ներկայացրել: Նեբրասկա-Լինքոլն համալսարանի մասնագետների ջանքերով մշակված «էլեկտրոնային մաշկը» նույնիսկ մինչեւ 10մմ երկարություն ունեցող կոշտացումներ հայտնաբերելու եւ դրանց ձեւը որոշելու արդյունավետ միջոց է հանդիսանում:

Տեխնոլոգիան, փորձագետների հավաստիացմամբ, կրծագեղձի քաղցկեղ ունեցող կանանց շրջանում մահացության մակարդակը, վաղ ախտորոշման հաշվին, 94 տոկոսով նվազեցնելու հնարավորություն է ընձեռում:

Medical News Today-ի հաղորդմամբ, համալսարանականները չափազանց բարակ, գերզգայուն, նանոմասնիկներից եւ պոլիմերներից պատրաստված թաղանթ են ստացել, որի օգնությամբ կարելի է կրծքի հյուսվածքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ ձեռք բերել: Այդ նպատակով «էլեկտրոնային մաշկը» հետաքրքրություն ներկայացնող հատվածի վրա է դրվում:

Փորձարկումների փուլում գիտնականները սիլիկոնի շերտերի միջեւ ուռուցքներ հիշեցնող օբյեկտներ են տեղակայել՝ կրծքի մկանների եւ քաղցկեղի իմիտացիա ստեղծելու համար: «Էլեկտրոնային մաշկը» գործի դնելու համար հարկավոր է այն թեթեւակի ճնշման ենթարկել՝ նույն ուժով, ինչպես որ պալպացիայի ընթացքում է գործի դրվում: Թեեւ նորահայտ սարքը ձեռքերից անհամեմատ ավելի զգայուն է: Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ սիլիկոնի՝ 20 մմ հաստությամբ շերտերի մեջ տեղակայված՝ 5 մմ երկարություն ունեցող գոյացությունը հայտնաբերելու ունակության է դրսեւորել:



© NEWS.am Medicine