Հայաստանում լայն տարածում ունեցող եւ յուրօրինակ վախեր. պատմում է հոգեթերապեւտը

23:40   17 սեպտեմբերի, 2014

Ո՞ր վախերն են Հայաստանում առավել տարածված: Արդյոք այստե՞ղ էլ յուրօրինակ վախեր են հանդիպում: Հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանի հետ է զրուցել:

Հոգեթերապեւտի խոսքով, կարեւոր է տագնապի զգացումը իրական վախերից՝ ֆոբիաներից տարանջատել: Տագնապը անառարկայական երեւույթ է, երբ մարդը չգիտի, թե ինչից է վախենում, սակայն ինչ-որ վատ բաների է սպասում: Ի տարբերություն տագնապի զգացողության, վախերն ու ֆոբիաները ուղղված են ինչ-որ կոնկրետ երեւույթների կամ իրերի հանդեպ:

Գիտությանն այսօր շուրջ 400 ֆոբիա է հայտնի: Հայաստանում դրանցից առավել տարածված են հետեւյալները.

• Կլաուստրոֆոբիա՝ վախ փակ տարածություններից;

• Ագորաֆոբիա՝ վախ բաց տարածություններից; այս ֆոբիայով տառապող մարդիկ երբեմն վախենում են նույնիսկ տնից դուրս գալ;

• Կարդիոֆոբիա՝ վախ, որ սիրտը կպայթի կամ սրտային ինչ-որ խնդիրներ կառաջանան;

• Ակրոֆոբիա՝ վախ բարձրությունից;

• Տանատոֆոբիա՝ վախ մահից;

• Ֆոբոֆոբիա՝ վախ վախերից. նույնիսկ այս՝ առաջին հայացքից յուրօրինակ վախը մեր երկրում, մասնագետի խոսքով, բավականին լայն տարածում ունի:

Ցոլակ Հակոբյանի խոսքով, կան նաեւ մարդիկ, ովքեր վախենում են հասարակական վայրերում սնվել կամ ելույթներ ունենալ: Գոյություն ունեն նաեւ այնպիսիները, որոնք վախենում են գիրանալ: Բոլոր այս վախերը նույնպես բավականին տարածված են:

Երբեմն հոգեթերապեւտների եւ հոգեբանների պրակտիկայում նաեւ ավելի յուրօրինակ եւ տարօրինակ վախեր են հանդիպում: Որպես օրինակ, հոգեթերապեւտը հետեւյալները հիշեց.

• Կոիտոֆոբիա՝ վախ սեռական կյանքից; մարդն ամուսնանում է, բայց վախենում է սեռական կյանքով ապրել: Այս վախը, մասնագետի խոսքով, բավականին հազվադեպ է ի հայտ գալիս:

• Պանֆոբիա՝ վախ ամեն ինչից: Նույնպես հազվադեպ հանդիպող վախ է:

Այն մասին, թե ինչպես է կարելի ձերբազատվել վերը նշված կամ այլ վախերից, կարդացեք մեր գալիք հոդվածներում:



© NEWS.am Medicine