Դիետայից հետո քաշը պահպանելու հարցում կարող է կշեռքը օգնել

23:52   19 սեպտեմբերի, 2014

Եթե ցանկանում եք դիետայի արդյունքում մի քանի կիլոգրամ ավել կորցնել, հարկավոր է ամեն շաբաթ կշեռքի օգնությանը դիմել: IOL Lifestyle-ի հաղորդմամբ, հետազոտության շրջանակում հատուկ սննդակարգի վրա «նստած» հազարավոր մարդկանց կենցաղի դիտարկման արդյունքում վերոհիշյալ եզրահանգմանը Բիրմինգհեմի համալսարանականներն են եկել:

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ նիհարելու գաղտնիքն անհամեմատ ավելի հասարակ է, քան շատերին կարող է թվալ: Բավական է ընդամենը շաբաթը մեկ անգամ կշեռքին կանգնել. փորձագետների համոզմամբ, այս միջոցը հավելյալ քաշի դեմ պայքարում կայուն դրական ազդեցություն կարող է ապահովել: Դիտարկումները ցույց են տվել, որ առավել մեծ հաջողությունների են հասնում հետազոտության հատկապես այն մասնակիցները, ովքեր նմանատիպ հաճախականությամբ սեփական քաշը չափելու սովորույթ են ձեռք բերում: Որպես կանոն, նրանց հաջողվում է, քաշը պարբերաբար չստուգողների հետ համեմատությամբ, հավելյալ 3-4 կգ-ներից ազատվել:

Այդուհանդերձ, երբեւէ դիետա պահելու անհրաժեշտությանը բախված մարդիկ լավ գիտեն, որ ամենածանր փորձությունները ոչ թե սննդակարգի սահմանափակման ընթացքում, այլ՝ դրանից հետո են սկսվում, երբ հարկավոր է ստացված արդյունքներն անփոփոխ պահել: Հենց այդ փուլում է, որ հավելյալ քաշից ազատվածների 60-80 տոկոսը նախկին «կատեգորիային» են վերադառնում:

Այնինչ քաշի պարբերաբար ստուգումն այս պարագայում եւս կարող է դրական ազդեցություն ունենալ: Այն փոփոխութուններին ուշադիր հետեւելու եւ քաշի ավելացման դեպքում անհապաղ հակաքայլեր ձեռնարկելու հնարավորություն է ընձեռում: Բացի այդ, կշեռքին կանգնելը նաեւ հոգեբանական ազդեցություն է ենթադրում, քանի որ սննդառության ընթացքում գայթակղություններից խուսափելու ազդակ կարող է հաղորդել: Եթե գիտենք, որ հաջորդ օրը կշեռքին ենք կանգնելու, դժվար թե ափսեի մեջ տորթի մեծ կտոր դնենք կամ քնելուց առաջ որեւէ բան ուտենք:



© NEWS.am Medicine