Սննդամթերքի 5 տեսակներ, որոնք կարող են մաշկի առողջությանը խանգարել

17:44   21 սեպտեմբերի, 2014

Փայլուն, շողշողուն, մաքուր՝ բոլորն էլ ցանկանում են իրենց մաշկն այսպիսի ածականներով բնութագրել: Սակայն ի՞նչ անել, եթե ամենամեծ օրգանի համար բնութագրիչներ փնտրելիս հոգնած, կոշտ, բորբոքված կամ չոր բառերն են մտքին գալիս:

Բազմաթիվ սնուցիչներ՝ A, C եւ D վիտամինները, օմեգա-3 ճարպաթթուն եւ ցինկը մաշկի բորբոքումը եւ ակնեի բռնկումները կանխարգելելու եւ օրգանին լավագույն տեսք հաղորդելու ներուժ են պարունակում: Այդուհանդերձ, գոյություն ունեն նաեւ սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնք, իրենց բաղադրիչների հաշվին, հակառակ ազդեցությունը ապահովելու միտում ունեն: Դրանցից շատերը, մասնավորապես, ակնեի՝ մազերի ֆոլիկուլների հիմքում գտնվող գեղձերի խցանմանը հանգեցնող մաշկային հիվանդության առաջացում կարող են հրահրել, մյուսներն էլ՝ կոլագենի ձեւավորման՝ մաշկն առողջ եւ ճկուն պահող գործընթացի վրա բացասաբար անդրադառնալ:

Այնպես որ, եթե մաշկի հետ կապված խնդիրներ ունեք, սննդակարգի վրա էլ ուշադրություն դարձրեք: Միգուցե տհաճ երեւույթների պատճառը սննդամթերքի հետեւյալ տեսակնե՞րն են.

1. Շաքար

Հետազոտությամբ պարզվել է, որ գլյուկոզայի կամ ֆրուկտոզի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող սննդակարգը մաշկի այսպես կոչված «կոլագենային խաչակեռման» կարող է հանգեցնել: Կոլագենը մաշկին ուժ եւ ճկունություն հաղորդելու ներուժ ունի: Սակայն երբ մեծ քանակությամբ շաքար եք ընդունում, այն կարող է օրգանիզմում առկա սպիտակուցների, ներառյալ՝ կոլագենի հավասարակշռության խախտման հանգեցնել, ինչն էլ մաշկի համար փափկության եւ ճկունության կորուստ է նշանակում: Օրգանը սկսում է կոշտանալ եւ ճաքեր ձեռք բերել:

2. Սննդամթերքի՝ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող տեսակներ

Խոսքը սպիտակ հացին, սպիտակ մակարոնեղենին եւ կարտոֆիլին, ինչպես նաեւ քաղցրահամ ըմպելիքներին ու նախուտեստներին է վերաբերում: Հետազոտությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող սննդատեսակները կարող են ակնեի առաջացում հրահրել: Այստեղ չմոռանանք նշել, որ շատերին սխալմամբ թվում է, թե հիվանդությունը միայն դեռահասներին է սպառնում: Մեծ քանակությամբ նմանատիպ սնունդ ընդունելիս օրգանիզմը սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել: Իսկ ահա արյան մեջ ինսուլինի բաղադրության կտրուկ աճը ակնեի առաջացմանը հանգեցնող ռեակցեաների մի ողջ շղթա հրահրելու հատկություն ունի: Դրան էլ գումարած՝ ինքնին ինսուլինի բարձր բաղադրությունը կարող է մաշկի եւ ողջ օրգանիզմի ջրազրկման հանգեցնել:

3. Աղ

Աղը եւ նատրիումի այլ միացությունները չարաշահման դեպքում կարող են պարզապես մաշկի ողջ կենսունակությունը կլանել: Ազդեցության մեխանիզմները մի քանիսն են: Նախ՝ նատրիումը ջրազրկում հրահրելու հատկություն ունի, ինչը մաշկի խոնավության պակաս է ենթադրում: Որոշ դեպքերում էլ, ի պատասխան աղի չարաշահման, օրգանիզմը սկսում է ջրի կուտակում նախաձեռնել, ինչն աչքերի տակ ի հայտ եկող պարկերի եւ այլ տհաճ նշանների տեսքով կարող է արտահայտվել: 

4. Կաթնամթերք

Տիպիկ արեւմտյան սննդակարգը կաթնամթերքի բազմաթիվ տեսակներ է ներառում, որոնց բաղաղրության մեջ աճի հորմոններ եւ ստերոիդներ կարելի է գտնել: Դրանք, դժբախտաբար, ակնեի առաջացում հրահրելու ներուժ ունեն: Նույնը կազեինի եւ շիճուկի բաղադրությամբ սպիտակուցային կոկտեյլներին է վերաբերում: Այնպես որ, եթե նորմալ սնվելու փոխարեն նմանատիպ ըմպելիքներից եք օգտագործում, մաշկի առողջության տեսանկյունից լավ բանի մի սպասեք: Իսկ կաթնամթերքից օգտվողներին, ակնեի առաջացման պարագայում, խորհուրդ է տրվում սննդատեսակի օրգանական տարբերակը փորձել:

5. Հագեցած ճարպեր

Կարմիր միսը, պանիրը, կարագը եւ հիդրոգենացված յուղերը հագեցած ճարպերի բարձր բաղադրությամբ են աչքի ընկնում, ինչն էլ ինսուլինի աճի գործոնի բարձր խտություն է ենթադրում: Դժբախտաբար, հիշյալ գործոնի ազդեցությամբ սեռական հորմոնների արտադրության, եւ արդյունքում՝ ակնեի առաջացման ռիսկի աճ է հրահրվում: Բուսական հիմքով, ճարպերի ցածր բաղադրությամբ եւ բջջանյութով հարուստ սննդակարգը, մյուս կողմից, կարող է արյան մեջ ինսուլինի աճի գործոնի խտության մակարդակի նվազեցման հանգեցնել:

 



© NEWS.am Medicine