Միացյալ Նահանգները Էբոլայի դեմ պայքարի շրջանակում 1 մլրդ դոլար կծախսեն

09:42   20 սեպտեմբերի, 2014

Միացյալ Նահանգները մտադիր են Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի շրջանակում 1 մլրդ դոլար ծախսել: Տեղեկությունը, Պենտագոնի մամլու քարտուղար Ջոն Կիրբիի հայտարարությանը վկայակոչմամբ, Stars and Stripes գործակալությունն է հաղորդել:

Հայտարարության մեջ նշվում է, որ վիրուսի դեմ պայքարը կազմակերպելու նպատալով Լիբերիա է ժամանել ամերիկյան զինվորականների առաջին խումբը: Շուտով նրանց են միանալու եւս 45 մասնագետներ՝ կենտրոնակայանի կառուցման համար:

Զինվորականները վարակվածների հետ անմիջական շփման մեջ չեն լինելու: «Մենք մտադիր ենք այլ աշխատակիցների աջակցությամբ բուժման հարցերով զբաղվել», - հայտարարել է Կիրբին:

ԱՄՆ իշխանությունները մտադիր են Լիբերիայի քաղաքացիներին լոգիստիկայի եւ այլ՝ ոչ բժշկական ծառայությունների հետ կապված հարցերում օժանդակություն ցուցաբերել: Բացի այդ, ամերիկացիները տանը թաքնվող բոլոր հիվանդներին գտնելու մտադրություն ունեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահ Օբաման պատրաստվում է 3 հազար զինվորականների ուղարկել Աֆրիկա՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի կազմակերպման նպատակով:



© NEWS.am Medicine