Սինգապուրի առողջապահական համակարգն աշխարհում լավագույնն է ճանաչվել

20:12   20 սեպտեմբերի, 2014

Bloomberg-ը ներկայացնող փորձագետների համոզմամբ, Սինգապուրի առողջապահության ազգային համակարգը լավագույնն է աշխարհում: Հենց այս երկիրն է 51 երկրներից բաղկացած վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել՝ ի հաշիվ այնպիսի գործոնների, ինչպիսիք են կյանքի միջին տեւողությունը, բժշկական ծառայությունների գները եւ մեկ շնչի հաշվով պետական ծախսումների մակարդակը: 

Վարկանիշային ցանկի երկրորդ հորիզոնականում Հոնգկոնգն է, երրորդում՝ Իտալիան: Առաջին տասնյակը եզրափակում են Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Իսրայելը, Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մեծ Բրիտանիան: Հետաքրքրական է այն, որ ԱՄՆ-ն հեռավոր 44-րդ հորիզոնականն է զբաղեցրել, իսկ Ռուսաստանը վերջին՝ 51-րդ տեղում է: Հայաստանն, ի միջի այլոց, ընդհանրապես տեղ չի գտել վարկանիշային ցանկում:

Bloomberg-ի փորձագետների գնահատմամբ, բժշկական ծախսումների արդյունավետության տեսանկյունից, ամենաբարձր գործակիցը Հոնգկոնգում կարելի է գտնել: Սակայն Սինգապուրում առողջապահական ոլորտի ֆինանսավորման առավել նպատակաուղղված համակարգ է գործում: Ընդ որում, սինգապուրցիների կյանքի միջին տեւողությունը 82,1 տարի է գնահատվում, ինչը լավագույն ցուցանիշներից մեկն է աշխարհում: Հոնգկոնգի պարագայում այն ավելի բարձր է՝ 83,5 տարի (համեմատության համար նշենք, որ, համաձայն վերջին տվյալների, մեր հայրենակիցների կյանքի միջին տեւողությունը 74,8 տարի է կազմում): Ազգային տնտեսության մեջ առողջապահական ոլորտին ուղղված ծախսումների բաժինը 4,5 տոկոսի է հասնում, բնակչության մեկ շնչի հաշվով՝ շուրջ 2426 ԱՄՆ դոլար:

Ի միջի այլոց, Սինգապուրը նաեւ բժշկական տուրիզմի տեսանկյունից է ամենագրավիչ երկրների վարկանիշային ցանկը գլխավորել:



© NEWS.am Medicine