Ուղիղ կեցվածքը կարող է սեռական կյանքի վրա բարենպաստ ազդեցությու՞ն թողնել

20:00   21 սեպտեմբերի, 2014

Health Psychology ամսագրում հրապարակում գտած հետազոտական տվյալների համաձայն, գրասեղանի մոտ ծուռ կեցվածք ընդունող մարդու մոտ ոչ միայն ողնաշարի, այլ նաեւ՝ սեռական կյանքի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Եվ ընդհակառակը՝ ուղիղ նստող մարդիկ անկողնում բարձր լիբիդոյով եւ տոկունությամբ են աչքի ընկնում: 

Փորձարկումների փուլում հետազոտության մասնակիցների մի մասը օրվա ընթացքում ուղիղ, իսկ մյուս մասը՝ ծուռ նստելու հանձրարարություն է ստացել: Որոշ ժամանակ անց փորձագետները պուլսի հաճախականության եւ արյան ճնշման ստուգումներ են նախաձեռնել, մի շարք հանձնարարություններ տվել եւ մասնակիցների առողջական վիճակը, տրամադրությունն ու ինքնագնահատականը պարզելու փորձ կատարել:

Արդյունքում պարզվել է, որ ծուռ նստողների մեծ մասի մոտ օրվա վերջին անհամեմատ ավելի քիչ են սեռական ցանկություններ առաջանում: Բացի այդ, նրանց բոլորի մոտ ցածր տրամադրություն եւ խոսելու ցանկության բացակայություն է նկատվել, իսկ եթե խոսել են, ապա միայն՝ բացասական երեւույթների մասին: Օրվա ընթացքում ուղիղ նստած մասնակիցներն, ընդհակառակը, բարձր ինքնագնահատականով, տրամադրությամբ եւ սեռական ցանկություններով են աչքի ընկել:

Հետազոտության հեղինակների պնդմամբ, անընդհատ ծուռ նստող մարդկանց մոտ, ի թիվս այլ խնդիրների, նաեւ կոնքային ու մարսողական համակարգի օրգանների խանգարում է նկատվում, ինչը կարող է մարսողության ու շնչառության հետ կապված բարդությունների առաջացման եւ կրքոտ գիշերվա համար անհրաժեշտ էներգիայի կորստի պատճառ դառնալ:



© NEWS.am Medicine