Պերուում չիկունգունյա տենդի պատճառով արտակարգ սանիտարական դրություն է հայտարարվել

12:50   22 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 21-ին Պերուի իշխանությունները, չիկունգունյա տենդի համաճարակից խուսափելու նպատակով, արտակարգ սանիտարական դրություն սահմանելու անհրաժեշտության մասին են հայտարարել: Երկրի առողջապահության նախարարության հաղորդմամբ, հարկադրյալ ռեժիմը 90-օրյա ժամկետով է գործելու:

Գերատեսչության տվյալներով, Պերուի տարածքում հիշյալ տենդով վարակման ոչ մի դեպք դեռեւս չի գրանցվել, սակայն հարեւան երկրներում, մասնավորապես՝ Կոլումբիայում վիրուսի տարածման տեմպերը լուրջ սպառնալիք են պարունակում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, նախարարությունը մի շարք տեսչությունների չիկունգունյայի դեմ հակազդեցության համատեղ պլան մշակելու հանձնարարություն է իջեցրել:

Արեւմտյան կիսագնդում տենդով վարակման առաջին ալիքը Կարիբյան ավազանի կղզի-պետություններին է բաժին հասել: Այն առանձնակի արագ տեմպերով Դոմինիկյան Հանրապետությունում է տարածվել: Ինչպես եւ դենգե տենդի պարագայում, ինչը լավ ծանոթ է տարածաշրջանի բնակիչներին, չիկունգունյա վիրուսի՝ մարդկանց հաղորդման համար մոծակներն են պատասխանատու: Բացի այդ, երկու հիվանդությունների ախտանշանները եւ դրանց դեմ պրոֆիլակտիկ պայքարի միջոցները եւս գրեթե նույնական են: Մոծակի խայթոցից մի քանի օր անց վարակված մարդու մոտ մինչեւ 40 աստիճան ջերմություն, գլխացավ եւ մկանային ցավ, ինչպես նաեւ սրտխառնոց, ուժասպառություն եւ ցան է նկատվում:

 



© NEWS.am Medicine