Վաղաժամ ծնված երեխաների իմունային համակարգն այնքան էլ թույլ չէ՞

11:47   23 սեպտեմբերի, 2014

Նախքան հղիության 37-րդ շաբաթը լույս աշխարհ եկած երեխա ունենալու հավանականությունը բավականին բարձր է: Աշխարհում ծնված 8 երեխաներից մեկին նման փորձություն է սպասվում: Փորձություն, քանի որ, համաձայն ընդունված տեսակետի, վաղաժամ ծնունդը նորածնի զարգացման տեմպերի կտրուկ ընդհատում է ենթադրում, ինչը կարող է նրա ուղեղի գործառույթների եւ մինչեւ անգամ թոքերի չափի վրա անդրադառնալ: Թեեւ երեւույթի ամենակարեւոր բացասական ազդեցությունը իմունային համակարգին է վերաբերում: Այդուհանդերձ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, վերջին իմաստով իրավիճակն այնքան էլ բարդ չէ, որքան մինչ այժմ էր թվում, հաղորդում է Medical Daily-ն: 

Լայն իմաստով, վաղաժամ ծնված երեխաների մոտ, բոլոր նորածինների նման, ինֆեկցիայի առաջացման բարձր ռիսկ է գործում: Վարակի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես բուժման կուրս սկսել՝ ինֆեկցիայի՝ արյան հոսքին հասանելիությունը եւ, որպես արդյունք, ճակատագրական հետեւանքների հանգեցնող սեպսիսի վիճակի առաջացումը կանխարգելելու նպատակով: Ամեն դեպքում, Լոնդոնի թագավորական քոլեջի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ վաղաժամ ծնված երեխաների իմունային համակարգն այնքան էլ թույլ չէ՝ պարզապես այլ մեխանիզմով է աշխատում: Եւ եթե հիշյալ մեխանիզմի խթանման եղանակ հայտնաբերվի, սահմանված ժամկետից շուտ լույս աշխարհ եկած երեխաներն էլ ինֆեկցիաների դեմ առավել արդյունավետ պայքար մղելու միջոց կգտնեն:

Համոզմունքը, թե նորածին երեխաներն առավել թույլ իմունային համակարգ ունեն, ճիշտ է այնքանով, որ այն որոշակիորեն ճնշված վիճակում է գտնվում եւ չի կարող ինչպես հարկն է՝ բորբոքային պատասխան խթանել: Մինչեւ բոլորովին վերջերս բժիշկները համոզված էին, որ իմունային համակարգի ճնշվածությունը պաթոգենների դեմ պայքարի տեսանկյունից վճռորոշ դերակատարում ունեցող T բջիջների կառույցի փոփոխության եւ, արդյունքում, ոչ լիարժեք իմունային արձագանքի առաջացման է հանգեցնում: Այդուհանդերձ, 28 վաղաժամ ծնված երեխաների արյան հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց օրգանիզմում առկա T բջիջները ինտերլեյկին 8 (IL8) անվամբ հայտնի հզոր հակաբակտերիալ մոլեկուլներ արտադրելու եւ դրանց միջոցով արյան սպիտակ բջիջներին՝ նեյտրոֆիլներին ու բազոֆիլներին դեպի ինֆեկցիայի օջախ մղելու հատկություն ունեն: Ճիշտ է՝ գիտնականները տեղյակ էին IL8-ի գործառույթների մասին. նորությունն այն է, որ T բջիջները կարող են դրանցից էլ մեծ քանակությամբ արտադրել:

«Մենք պարզեցինք, որ նորածինների մոտ հակաբակտերիալ պաշտպանության բոլորովին այլ՝ մեծահասակներից տարբերվող մեխանիզմներ են գործում, որոնք տվյալ պարագայում արդյունավետ պաշտպանություն կարող են ապահովել: Գուցե  այդ նույն մեխանիզմները նաեւ հղիության ընթացքում են գործում՝ մոր օրգանիզմում առկա ինֆեկցիաներին պաշտպանություն ապահովելու համար: Հետազոտության հաջորդ փուլում մտադիր ենք այն գործընթացների էությունը հասկանալ, որոնք նորածինների մոտ այլ տիպի իմունային բջիջների արտադրության են հանգեցնում», - նշել է հետազոտության ավագ հեղինակ, կրթօջածի իմունային կենսաբանության պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ դոկտոր Դինա Գիբոնսը:

Բացի այդ, եթե գիտնականներին հաջողվի վաղաժամ ծնված երեխաների իմունային համակարգի խթանման միջոցներ գտնել, ողջ աշխարհում նորածինների մահացության մակարդակի կտրուկ անկում կարող է գրանցվել: Բավական է ասել, որ 2009թ.-ին Միացյալ Նահանգներում վաղաժամ ծնելիությանը մահացության պատճառների ամենաբարձր բաժինն է հասել՝ 35 տոկոս:



© NEWS.am Medicine