Անբավարար քանակի ջուր խմելը վաղաժամ մահվան կարող է հանգեցնել

14:21   8 հունվարի, 2023

Մեծահասակները, որոնք անբավարար քանակի ջուր են օգտագործում, կարող են ավելի արագ ծերանալ եւ բախվել մահվան առավել մեծ ռիսկի: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով EBioMedicine ամսագրի հետազոտությանը։

Գիտնականները նշել են, որ ջրի քիչ օգտագործումը նվազեցնում է կյանքի տեւողությունը։ Նրանք վերլուծել են հետազոտության 11 000 մասնակիցների անալիզները եւ եզրակացրել, որ այն մարդիկ, ում մոտ նատրիումի կոնցենտրացիան 142 միլիմոլ/լիտրից բարձր է եղել, 50 տոկոսով ավելի արագ ծերանալու հավանականություն են ունեցել:

Պարզվել է, որ նման մասնակիցների մոտ մահվան ռիսկը մեծանում է 20 տոկոսով։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանց մոտ սրտի անբավարարություն, ինսուլտ, շաքարախտ, դեմենցիա, թոքերի քրոնիկ հիվանդություն եւ մահացու այլ հիվանդություններ ունենալու հավանականությունն ավելի մեծ է:

Ավելի վաղ Օսակայի համալսարանի հետազոտական թիմը պարզել էր, որ հիպերտոնիայի ծանր ձեւերով տառապող մարդկանց կողմից սուրճի օգտագործումը կարող է կրկնապատկել սրտանոթային հիվանդություններից մահանալու վտանգը: 



© NEWS.am Medicine