Համբույրները եւ սեքսը՝ մագնիսա-ռեզոնանսային պատկերմամբ

23:50   23 սեպտեմբերի, 2014

18+

Կյանքում գոնե մեկ անգամ մտածած կլինեք, թե ինչ է կատարվում Ձեր ներսում, երբ, օրինակ, խոսում եք, ինչ-որ բան խմում, ծննդաբերում եւ նույնիսկ սեքսով զբաղվում: Հետաքրքրությունը բավարարելու եւ տարատեսակ գործողությունները մարդու ներսից ներկայացնելու համար գիտնականները մագնիսա-ռեզոնանսային պատկերման օգնությանն են դիմել:  Բանն այն է, որ ի տարբերություն ռենտգեն հետազոտության եւ համակարգչային տոմոգրաֆիայի, մագնիսա-ռեզոնանսային պատկերումը վնասաբեր ռադիացիայի կիրառմամբ չի իրականացվում, ինչը մասնագետներին մի շարք գործողություններ իրականացնելիս՝ խոսելիս, համբուրվելիս, երաժշտական գործիք նվագելիս եւ սեռական ակտ իրականացնելիս մարդու ներաշխարհը ներկայացնող տպավորիչ տեսանյութ կազմելու հնարավորություն է ընձեռել, հաղորդում է Medical Daily-ն:

Հետաքրքրականն այն է, որ տեսանյութի սկզբնական տարբերակը 1960թ.-ին է նկարահանվել՝ Հոլանդիայում գործող Գրոնինգենի հիվանդանոցի բժիշկ դոկտոր Պեկ Վան Անդելի կողմից: 1999թ.-ին սեռական ակտը ներկայացնող մի քանի պատկերներ նաեւ British Medical Journal ամսագրում են հրապարակվել՝ ընթացիկ հետազոտության շրջանակում առ այն, թե արդյոք նախընթաց եւ ժամանակակից պատկերացումները՝ սեքսի անատոմիայի մասին, փաստացի հիմքեր ունեն: Մասնավորապես, խոսքն այն մասին էր գնում, թե ինչպիսի «ձեւ» է առնանդամն ընդունում՝ տարատեսակ դիրքերի ժամանակ, եւ արդյոք սեռական գրգռվածությունը կնոջ մոտ արգանդի չափերի մեծացման է հանգեցնում: Վերջին պնդումն, ի դեպ, շնորհիվ պատկերման, հերքվել էր: Ի դեպ, ստորեւ բերված տեսանյութի հեղինակները կարճ ժամանակ անց Նոբելյան մրցանակի են արժանացել:



© NEWS.am Medicine