Ռեւմատոիդ արթրիտի առաջացմանը նպաստող ռեցեպտոր է հայտնաբերվել

19:39   23 սեպտեմբերի, 2014

Իլինոյսի համալսարանի գիտահետազոտակամ խմբերից մեկի անդամները պարզել են, որ ռեւմատոիդ արթրիտի առաջացման պարագայում ոսկրերի բորբոքման եւ քայքայման պատճառը TLR5 ռեցեպտորն է հանդիսանում: Շիվա Շահրարի (Shiva Shahrara) գլխավորությամբ գործող փորձագետներն այն եզրահանգման են եկել, որ հիշյալ ռեցեպտորի աշխատանքի ճնշմամբ կարելի է արթրիտի բուժման հասնել:

Ռեւմատոիդ արթրիտը հոդերի այտուցմամբ եւ ուժեղ ցավերով բնորոշվող լուրջ աուտոիմուն հիվանդություն է համարվում, որի հետագա զարգացման պարագայում հոդերի դեֆորմացիա, օստեոպորոզ, ցավերի ուժգնացում եւ շարժունակության կորուստ կարող է նկատվել, հիշեցնում է Scicasts-ը:

Գիտնականները պարզել են, որ հիվանդության ախտանշանների առաջացման հարցում վճռորոշ դերակատարումը արյունատար անոթներից դեպի վնասված հոդերը տեղաշարժվող եւ ոսկրային հյուսվածքի քայքայման գործընթացին մասնակցող միելոիդային բջիջների մակերեսին տեղակայված TLR5 ռեցեպտորներին է բաժին հասնում:

Հետազոտության հեղինակները վկայություններ են գտել առ այն, որ TLR5-ի ակտիվացումը վնասված հոդի շրջակայքում արյունատար անոթների ձեւավորման է հանգեցնում: Բացի այդ էլ, ռեցեպտորը կարող է ուռուցքի նեկրոզի ալֆա գործոնի աշխատանքի՝ հոդի ուղղությամբ միելոիդային բջիջների տեղաշարժի խթանման հանգեցնող փոփոխություն հրահրել:

Համալսարանականները մի շարք փորձարկումներ են իրականացրել՝ ռեւմատոիդ արթրիտի՝ լաբորատոր մկների մոտ ստեղծված մոդելի նկատմամբ, որոնց ընթացքում TLR5 ակտիվացման մակարդակը ճնշող հակամարմիններ ստացած կրծողների օրգանիզմում առկա միելոիդային բջիջների տեղաշարժի, ինչպես նաեւ հոդերի այտուցման մակարդակի ու ոսկրերի քայքայման տեմպերի նշանակալի թուլացում է նկատվել:

Գիտահետազոտական խմբի անդամները ենթադրում են, որ TLR5 ռեցեպտորի անտագոնիստների հիման վրա մշակված դեղամիջոցները, համապատասխան փորձարկումներից հետո, կարող են ռեւմատոիդ արթրիտով տառապող հիվանդների բուժման միջոց ծառայել:



© NEWS.am Medicine