Ալկոհոլի համային հատկանիշները գենետիկ տարբերություններից են կախված

23:49   24 սեպտեմբերի, 2014

Փեննի պետական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները փոխկապվածություն են գտել՝ ալկոհոլի համային հատկանիշների եւ մարդկանց գենետիկ տարբերությունների միջեւ: Ասել է, թե՝ եթե որոշ մարդիկ ալկոհոլային ըմպելիքից առավել քիչ՝ դառնության եւ առավել շատ՝ քաղցրության համ են առնում՝ մեղավորը միայն նրանց գեներն են: «Մենք վկայություններ ենք գտել առ այն, որ ալկոհոլի հրահրմամբ առաջացած համային զգացողությունները գենետիկ գործառույթների արդյունք են», - մեկնաբանել է կրթօջախի սննդագիտության ամբիոնի դոցենտ Ջոն Հեյսը:

Նրա գլխավորությամբ գործող գիտնականները 18-45 տարեկան, կովկասյան ծագում ունեցող 93 մասնակիցների (58 կին եւ 35 տղամարդ) 16 եզակի նուկլեոտիդ պոլիմորֆիզմների գենոտիպն են ուսումնասիրել: Մասնավորապես, նրանց դառնության զգացման համար պատասխանատու երկու՝ ալկոհոլ ընդունելիս ակտիվացվող ռեցեպտորային գեների՝ TAS2R13-ի եւ TAS2R38-ի տիպն է հետաքրքրել: Այնուհետեւ, Medical Daily-ի հաղորդմամբ, մասնակիցներին սպիրտի պարունակությամբ խմիչքներ են առաջարկվել՝ երեք եղանակներով՝ բերանի ամբողջական ողողմամբ, կում անելով եւ թքելով ու լեզվի հետնամասում խոնավեցված բամբակ դնելով, համտեսի արդյունքում առաջացած համային զգացողությունները նկարագրելու համար:

Փորձարկման ընթացքում գիտնականները նկատել են, որ ալկոհոլի ազդեցությամբ կամավորների մոտ հրահրվող դառնության զգացման մակարդակը նրանց կողմից ժառանգված համապատասխան ռեցեպտորային գենոտիպից է կախված: Ի միջի այլոց, այրոցի զգացումը եւս, կախված գեներից, կարող է տարբեր աստիճանի լինել: «Մարդիկ, սնվելիս կամ մի բան խմելիս, տարբեր համային զգացողություններ են ունենում, եւ, ինչպես գունակուրություն դեպքում, ընկալական տարբերությունները կենսաբանական հենքի վրա են կառուցվում», - նշել է դոկտոր Հեյսը: 

Այդուհանդերձ, չի կարելի անհապաղ այն եզրակացությանը հանգել, թե մարդկանց որոշ մասին դուր է գալիս ալկոհոլային խմիչք օգտագործել, քանի որ մյուսներից տարբերվող համային զգացողություններով են աչքի ընկնում: Ընդհակառակը՝ գիտնականները չեն շտապում որեւէ եզրահանգում կատարել, քանի որ մարդու սննդային վարքագիծը բավականին բարդ եւ համալիր գործընթացների արդյունք է հադիսանում եւ չի կարող մեկ փոփոխականով պայմանավորվել: 

«Կենսաբանությունն ամենեւին էլ ճակատագիր չէ: Որոշ մարդիկ կարող են, դառնության զգացման բարձր աստիճանը հաղթահարելով, ալկոհոլից կախվածություն ձեռք բերել, իսկ մյուսները, որոնք համեմատաբար թույլ դառնություն են զգում, միայն առիթից առիթ խմիչքի համը տեսնել», - հավաստիացրել է հետազոտական խմբի ղեկավարը:

 



© NEWS.am Medicine