Որքան թանկ են սիգարետները, այնքան մարդիկ ավելի քիչ են խմում

20:45   27 սեպտեմբերի, 2014

Վերջերս Վաշինգտոնի համալսարանականները փորձել են սիգարետի գնի ավելացման հետեւանքներն ուսումնասիրել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ խնդրո առարկա միջոցառումը կարող է ալկոհոլային խմիչքների ձեռքբերմանը միտված ծախսերի կրճատման հանգեցնել, հաղորդում է The Daily Mail- ը:

ԱՄՆ օրենսդրությամբ փակ տարածքներում (բացի քաղաքացիների անձնական բնակտարածքներից) ծխելն արգելված է համարվում: Բացի այդ, ծխախոտի վրա դրվող հարկերն այնքան բարձր են, որ սիգարետի գնի կտրուկ ավելացման են հանգեցրել: Վաշինգտոնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները հաստատել են, որ վերը նկարագրված խիստ միջոցառումները հասել են իրենց նպատակին, այն է՝ երկրում ծխողների թվի կտրուկ կրճատում է արձանագրվել: Ընդ որում, կրճատման առավել մեծ ծավալներ են նկատվում հատկապես այն նահանգներում, որտեղ ամենախիստ սահմանափակումներն են գործում:

Հետաքրքրական է այն, որ, ինչպես գիտնականներն են պարզել, սիգարետի թանկացումն ի վերջո նաեւ ալկոհոլային խմիչքների պահանջարկի վրա է անդրադարձել: Մասնավորապես, ծխախոտային ապրանքների միջին գնի՝ 20 տոկոսի չափով ավելացումը գարեջրի վաճառքների ծավալի՝ 4, եւ առավել թունդ խմիչքների վաճառքից ստացվող հասույթի՝ 11 տոկոսի չափով կրճատման է հանգեցրել: Ստացվում է՝ ծխող մարդիկ, ամենայն հավանականությամբ, նախընտրում են սպիրտային խմիչքների ձեռքբերմանը միտված ծախսերի խնայողություն կատարել՝ սիգարետի գնում ապահովելու համար: Միայն գինու սպառման ծավալներն են, որ սիգարետի թանկացման արդյունքում որեւէ փոփոխություն չեն կրել: Փորձագետների գնահատմամբ, երեւույթի պատճառն այն է, որ ապրանքատեսակի հիմնական սպառողներն առողջ ու կրթված, չծխող քաղաքացիներն են, որոնք միայն պրոֆիլակտիկ նկատառումներով եւ հաճույքի համար են չափավոր ծավալներով գինի օգտագործում:

«Բացառությամբ ծխախոտի, ալկոհոլը շարունակում է ԱՄՆ-ում կիրառվող ամենամահաբեր թմրանյութերից մեկը մնալ: Ալկոհոլային խմիչքների վրա դրվող հարկային բեռի ավելացումը երկարատեւ եւ հասարակության խիստ դիմադրությանը հանդիպող գործընթաց է: Մեր նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ դրանց սպառման ծավալների կրճատմանը կարելի է այլ եղանակով՝ սիգարետների գնի թանկացմամբ հասնել», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Ռիչարդ Գրուցան:



© NEWS.am Medicine