Որոնք են այն ըմպելիքները, որոնցից պետք է խուսափեն հղիները

14:27   20 հուլիսի, 2023

Կալիֆոռնիական համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի մասնագետները MedicalXpress լրատվական պորտալին տեղեկացրել են, որ հղիներն ավելի լավ է խուսափեն սուրճից, գազավորված ըմպելիքներից, թեյից եւ կոֆեին պարունակող այլ ըմպելիքներից։

Բժիշկները խորհուրդ են տալիս չափավոր օգտագործել կոֆեինը՝ օրական 200 միլիգրամից պակաս հղիների կամ նրանց համար, ովքեր նախատեսում են հղիանալ։ Դա համարվում է թույլատրելի չափաբաժինը, ավելի շատ քանակությունը կարող է հանգեցնել վիժման եւ վաղաժամ ծննդաբերության։

Սակայն անգան այդքան քիչ քանակությունը կարող է բացասաբար ազդել պտղի աճի վրա։ Կոֆեինի բարձր եւ ցածր պարունակությամբ ըմպելիքներ օգտագործած մայրերի երեխաների միջեւ աճի տարբերությունը նկատելի է դարձել 4 տարեկանում եւ հասել 2,2 սանտիմետրի 8 տարեկանում։ Փոփոխություններ առաջացել են անգամ այն կանանց պարագայում, որոնք չեն գերազանցել սահմանված չափաբաժինները։

«Կոֆեինի սպառման աստիճանական կրճատումը մի քանի շաբաթվա ընթացքում, հղիություն պլանավորելուց առաջ կամ հղիության սկզբում, կօգնի կանխել պտղի վրա բացասական նյութերի ազդեցությունը։ Գոյություն ունեն առույգանալու բազմաթիվ միջոցներ՝ սառը ջուր խմել, զբաղվել սպորտով եւ հետեւել քնի ռեժիմին»,- ասել են մասնագետները։



© NEWS.am Medicine