Այսօր Սրտի համաշխարհային օրն է. ԱՀԿ-ն կոչ է անում կրճատել աղի սպառման ծավալները

11:40   29 սեպտեմբերի, 2014

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին սրտի համաշխարհային օրն է նշվում։

Ոչ ինֆեկցիոն, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում գրանցվող մահացության գլխավոր պատճառներն են հանդիսանում:  2013թ.-ին Հայաստանում արյան շրջանառության խանգարումների արդյունքում 12960 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 652-ի պատճառը արյան բարձր ճնշումն է, 8483-ինը՝ սրտի իշեմիկ հիվանդությունը եւ 2386-ինը՝ ինֆարկտը: Համեմատության համար նշենք, որ օնկոլոգիական հիվանդությունների մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ ցածր է. նույն ժամանակահատվածում նորագոյացությունները 5608 մարդկանց մահվան պատճառ են դարձել:

Այս տարի, սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աղի չարաշահման դեմ պայքար ձեռնարկելու կոչ է հղել, քանի որ, բազմաթիվ մասնագետների հավաստիացմամբ, հենց աղն է զարկերակային բարձր ճնշման եւ մի շարք սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի ամենամեծ աճը խթանում:

Ոչ ինֆեկցիան հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպման նպատակով ԱՀԿ-ի կողմից մշակված գործողությունների գլոբալ պլանը 9 նպատակ է ներառում, որոնցից մեկը մինչեւ 2025թ.-ը աղի սպառման համաշխարհային ծավալների՝ 30 տոկոսի չափով կրճատումն է: Կազմակերպության տնօրենի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ հոգեկան առողջության գծով օգնական Օլեգ Չեստնովի համոզմամբ, այդ կերպ հնարավոր կլինի միլիոնար մարդկանց կյանքը փրկել՝ սրտանոթային հիվանդություններից, ինֆարկտից եւ ինսուլտից:

Հարկ է նաեւ նշել, որ որոշ երկրներում (այդ թվում նաեւ Հայաստանում) յոդի պակասը յոդավորված աղով է լրացվում: Նման դեպքերում աղից լիովին հրաժարվել չի կարելի, քանի որ յոդի այլ աղբյուրներ գոյություն չունեն:



© NEWS.am Medicine