Սրտի աշխատանքի շեղումները որոշող շարժական սարք է ստեղծվել

13:48   30 սեպտեմբերի, 2014

ԱՄՆ-ում ինքնատիպ շարժական սարք է ստեղծել, որի օգնությամբ, սրտի աշխատանքի հետ կապված շեղումների առաջացման պարագայում, օգտատերը կարող է զգուշացում ստանալ: Ընդամենը 5 սմ երկարությամբ սարքը կարելի է նույնիսկ ձեռքին՝ ժամացույցի փոխարեն կրել: Կարեւորն այն է, որ մաշկի հետ անմիջական շփման մեջ գտնվի:

Նորարարության հիմքում անլար տեխնոլոգիաներն են. սարքի ճկուն մակերեսին ավելի քան 3 հազար հեղուկ բյուրեղներ են տեղակայված, ինչը բարձր զգայունության հնարավորություն է ստեղծում՝ ջերմային փոփոխությունների նկատմամբ: Արդյունքում, The First Post-ի հավաստիացմամբ, ինքնատիպ ապարանջանի գունային փոփոխություններին ուշադրություն դարձնելով, օգտատերը կարող է իր առողջական վիճակի մասին հստակ պատկերացում կազմել:

Մարմնի ջերմաստիճանի փոփոխությունն այս պարագայում արյան շրջանառության արագության եւ մաշկի խոնավության մակարդակի ցուցանիշ է հանդիսանում: Ապարանջանի մակերեսին տեղակայված բյուրեղները, ջերմային փոփոխության ազդեցությամբ, առավելագույնը 30 վայրկյանի ընթացքում միաժամանակ գունափոխվելու հատկություն ունեն:



© NEWS.am Medicine