Ծխելը՝ միզապարկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճա՞ռ

22:41   30 սեպտեմբերի, 2014

Հաճախ ենք լսում, որ սիգարետի ծուխը արյան շրջանառության վրա բացասաբար անդրադառնալու, երակներն ու զարկերակները վնասելու հատկություն ունի, ինչի հետեւանքով բազմաթիվ սրտանոթային հիվանդություններ են առաջանում: Բայց քչերը գիտեն, որ ծխելը կարող է նաեւ մի շարք ուրոլոգիական հիվանդությունների, մասնավորապես՝ միզապարկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը ուրոլոգ Կարո Դերձակյանի (Կալիֆորնիա) հետ է զրուցել:

Մասնագետի խոսքով, ծխելու սովորությունը չափազանց լուրջ ռիսկային գործոն է՝ քաղցկեղի հիշյալ տեսակի առաջացման հարցում, սակայն շատերը դա գիտակցում են միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է լինում:

Շատերն էլ տարիներ շարունակ ծխում են, հետո՝ թողնում ծխելը եւ մտածում, թե դրանով իսկ ապահովագրվել են բոլոր այդ հիվանդություններից: Սա սխալ մոտեցում է, պնդում է ուրոլոգը, քանի որ սիգարետի ծուխը տարիներ շարունակ թունավորում է մարդու օրգանիզմը, եւ հասցված վնասն այդպես հեշտ չի վերանա. այն դեռ երկար տարիներ շարունակելու է ազդել մարդու վրա եւ հիվանդություններ առաջացնել:

Ուրոլոգը պատմել է, որ միզապարկի քաղցկեղով կամ այլ հիվանդություններով տառապող մարդիկ հաճախ զարմանքով հարցնում են, ինչու է նրանց մոտ նման խնդիր առաջացել, չէ՞ որ արդեն քանի տարի է՝ չեն ծխում: Բժիշկները նման հիվանդներին դժվարությամբ են բացատրում, որ տարիներ առաջ ծխած ծխախոտը դեռ շարունակում է քանդել եւ քայքայել նրանց առողջությունը:

Այս պարզ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է՝ շուտ հրաժարվել վնասակար սովորությունից, որպեսզի դեռ երիտասարդ եւ ուժեղ օրգանիզմը հասցնի ծխախոտի պատճառած վնասների դեմ պահանջվող պայքարը մղել:

Հիշեցնենք, որ ծխելը կարող է նաեւ այլ բարդություններ առաջացնել. ծխող մարդիկ, մասնավորապես, ավելի հաճախ են սեռական բնույթի խնդիրներ՝ անպտղություն, ինչպես նաեւ տղամարդիկ՝ սեռական թուլություն եւ կանայք՝ վաղ դաշտանադադար ունենում:



© NEWS.am Medicine