Լիարժեք կյանք՝ քրոնիկ միելոլեյկոզո՞վ. պատմում են հիվանդները

17:27   30 սեպտեմբերի, 2014

Տարիներ առաջ քրոնիկ միելոլեյկոզը ասես դատավճիռ էր՝ այս ախտորոշմամբ մարդիկ երկար չէին ապրում: Սակայն այսօր, ժամանակակից բուժման շնորհիվ, հիվանդները ոչ միայն երկար տարիներ, այլեւ՝ բոլորովին առողջ մարդկանց նման լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն են ձեռք բերել:

NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է քրոնիկ միելոլեյկոզով տառապող մարդկանց հետ եւ նրանց պատմություններին ծանոթացել:

Պատմություն 1

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի բռնված 38-ամյա կինը չցանկացավ ներկայանալ:

Նա 26 տարեկան էր եւ դեռ նոր էր առաջնեկին ունեցել, երբ քրոնիկ միելոլեյկոզով ախտորոշվեց. բժիշկերն ասացին, որ ընդամենը մեկ ամսվա կյանք է մնացել…

Կնոջ փայծաղն էլ այնքան էր մեծացել, որ հնարավոր չէր սոնոգրաֆիայի ժամանակ այն միանգամից տեսնել: Հիվանդության պատճառով նույնիսկ տեսողությունն էր կորցրել եւ լիովին հուսահատ էր, երբ Արյունաբանական կենտրոն դիմեց: Մեկ ամիս հետո լուր ստացավ, որ, որպես հումանիտար օգնություն, նոր՝ Գլիվեկ դեղամիջոցն է Հայաստան գալիս, եւ շուտով սկսեց ընդունել այն:

Երկու ամիս ընդունելուց հետո կրկին ստուգվեց՝ պարզվելու համար, որ հիվանդության համար պատասխանատու «ֆիլադելֆյան քրոմոսոմը» 89 տոկոսից 23-ի է հասել, ինչը հրաշալի առաջընթաց էր: Փայծաղի փոքրացել էր, իսկ տեսողությունը՝ 3 ամսվա մեջ վերականգնվել:

Արդեն մոտ 12 տարի է՝ կինը քրոնիկ միելոլեյկոզով է ապրում: Իր իսկ խոսքով՝ լիարժեք կյանք է վարում, աշխատում է, եւ նույնիսկ աշխատակիցները չգիտեն, որ հիվանդ է:

Պատմություն 2

10 տարի առաջ՝ 2004 թվականի սեպտեմբերին Մուրադ Ջալաշյանի մոտ քրոնիկ միելոլեյկոզ էր հայտնաբերվել, իսկ հոկտեմբերին սկսել էր բուժում ստանալ:

Քրոնիկ միելոլեյկոզի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում կազմակերպված միջոցառման ժամանակ նա պատմել է ներկաներին, որ հետեւում է մասնագետների բոլոր խորհուրդներին, ամեն օր խմում է դեղամիջոցը եւ տասը տարվա ընթացքում ոչ մի օր բաց չի թողել: Ալկոհոլային խմիչքներ էլ, բնականաբար, չի օգտագործում:

Այսօր Մուրադն աշխատում է, ինչպես բոլոր առողջ մարդիկ, եւ ոչ ոք չգիտի, որ հիվանդ է՝ բացի բաժնի պետից:

Քրոնիկ միելոլեյկոզ եւ երեխաներ

Քրոնիկ միելոլեյկոզի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Արյունաբանական կենտրոնի բժշկուհի Անահիտ Տեր-Գրիգորյանը ներկաներին պատմել է նաեւ այն մասին, որ միելոլեյկոզով տառապող երեք կանայք նույնիսկ հաջողացրել են երեխա ունենալ: Ամենամեծ երեխան արդեն 6 տարեկան է, ամենափոքրը՝ 1 տարեկան: Երեխաներն առողջ են, եւ մայրերի հիվանդությունը նրանց վրա ոչ մի կերպ չի ազդել:



© NEWS.am Medicine