«Նաիրի» բժշկական կենտրոնում երկու շաբաթ է՝ պատվաստանյութ չկա

17:49   1 հոկտեմբերի, 2014

«Նաիրի» բժշկական կենտրոնում այս պահին իսկապես մանկական հեքսավալենտ պատվաստանյութ չկա, սակայն, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին բժշկական կենտրոնի աշխատակիցներն են հավաստիացրել, նոր չափաքանակը մոտ օրերին է սպասվում:

Նշենք, որ NEWS.am Medicine-ի խմբագրություն էին դիմել ծնողներ, որոնք անհանգստացած էին՝ հիվանդանոցում պատվաստանյութի բացակայությամբ: Նրանցից մի քանիսը նշել էին, որ երեխաներն արդեն ստացել են առաջին եւ երկրորդ պատվաստումները, իսկ այժմ երրորդի ժամկետն է մոտեցել կամ նույնիսկ արդեն անցել:

«Նաիրիի» աշխատակիցները տեղեկացնում են, որ պատվաստանյութն իրոք երկու շաբաթ է, ինչ բացակայում է, սակայն մոտ օրերս տեղ է հասնելու:

NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է նաեւ մանկաբույժների հետ եւ հետաքրքրվել, թե որքանով է հերթական պատվաստման ուշացումը վտանգավոր: Պարզվել է, որ մեկ-երկու ամսով ուշացման պարագայում խնդիրներ չեն կարող առաջանալ: Շատերն էլ համաձայնել են, որ կարելի է մինչեւ կես տարի հետաձգել: Շատ ավելի կարեւոր է, որ հերթական պատվաստումը ժամանակից շուտ չարվի, նշել են մանկաբույժները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am Medicine-ը վճարովի եւ անվճար պատվաստումների հարցին էր անդրադարձել եւ պարզել, թե ինչով են դրանք միմյանցից տարբերվում



© NEWS.am Medicine