Ծխելը հանգեցնում է ուղեղի ծավալի կրճատման. Biological Psychiatry

14:03   14 դեկտեմբերի, 2023

ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների իրականացրած հետազոտության համաձայն՝ ծխելը կարող է հանգեցնել գլխուղեղի ծավալների փոքրացման։ Արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry: Global Open Science ամսագրում։

Հետազոտությունում օգտագործվել են ավելի քան 40 հազար մարդու տվյալներ, որոնք վերցվել են մարդու կենսաբանական նմուշների ամենամեծ պահեստարանից՝ բրիտանական Բիոբանկից։ Հետազոտողների թիմը ուսումնասիրել է հետազոտվողներից 32 094-ի ուղեղի ծավալի, ծխելու տարիների եւ այդ վնասակար սովորության նախատրամադրվածության մասին տեղեկությունները։ Ուղեղի վիճակի գնահատականը կատարվել է համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ։

Պարզվել է, որ ծխելն իսկապես կարող է նպաստել ուղեղի ծավալների փոքրացմանը։ Բացի այդ, այդ էֆեկտի արտահայտվածությունը կախված է չափաբաժնից. որքան ավելի շատ սիգարետ է մարդը ծխում օրական, այնքան ավելի շատ է փոքրանում ուղեղը։ Հետազոտության հեղինակները բացատրել են, որ ուղեղի ծավալի փոքրացումը կենսաբանական ծերացման եւ դեմենցիայի առաջացման նշան է։

Գիտնականները նաեւ նշել են, որ այդ փոփոխություններն անշրջելի են։ Նախկին ծխողների ուղեղի ծավալը չի համապատասխանել չծխողների ուղեղի ծավալին, անգամ եթե առաջինները վաղուց թողել են ծխելը։



© NEWS.am Medicine