Կոկոսի յուղի օգտագործումը կարող է դիաբետ առաջացնել. Journal of Functional Foods

16:16   14 դեկտեմբերի, 2023

Կամպինասի պետական համալսարանի (Բրազիլիա) գիտնականները հայտնաբերել են, որ կոկոսի յուղի օգտագործումը կարող է մկների քաշն ավելացնել եւ ինսուլինի հանդեպ ռեզիստենտություն առաջացնել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Functional Foods-ում։

Պարզելու համար, թե արդյոք կոկոսի յուղի ամենօրյա օգտագործումը երկար ժամանակի ընթացքում կարող է առողջական խնդիրներ առաջացնել, հետազոտական խումբը փորձ է կատարել առողջ մկների մասնակցությամբ։ Կրծողների առաջին խումբը ութ շաբաթվա ընթացքում ամեն օր օգտագործել է կոկոսի յուղ, որի քանակությունը կալորիականությամբ համարժեք է եղել մեկ ճաշի գդալին (13 գրամ) մեծահասակ մարդու համար։ Երկրորդ խումբը հանդես է եկել որպես հսկիչ խումբ։

Փորձի ավարտից հետո պարզվել է, որ կոկոսի յուղը հորմոնալ ֆոնի փոփոխություններ է առաջացրել առաջին խմբում, ավելացել է քաշը, բորբոքել գլխուղեղը։ Մասնավորապես, յուղն առաջ է բերել խախտումներ այն մեխանիզմների աշխատանքում, որոնք ապահովում են կարեւոր մետաբոլիկ հորմոնների՝ լեպտինի եւ ինսուլինի՝ կուշտ լինելու զգացողության եւ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու ունակությունը։ Բացի այդ, յուղը նպաստել է ճարպային հյուսվածքի ավելի ինտենսիվ սինթեզին կենդանիների օրգանիզմում եւ ինսուլինի հանդեպ ռեզիստենտության առաջացմանը։

Այս պաթոլոգիան բնութագրվում է օրգանիզմի բջիջների՝ ինսուլինին արձագանքելու անկարողությանը։ Ինսուլինն, իր հերթին, չի կարող գլյուկոզան փոխանցել բջիջների ներս, եւ այն կուտակվում է արյան մեջ։ Դա կարող է հանգեցնել շաքարային դիաբետի առաջացման։

Նշվել է, որ հետազոտողները մարդկանց չեն հորդորում հրաժարվել կոկոսի յուղի օգտագործումից։ Մթերքի օրական չափաբաժինը պետք է ընտրի սննդաբանը եւ լինի ոչ մեծ։ Կոկոսի յուղը օգտակար ճարպերի միակ աղբյուրը չէ։



© NEWS.am Medicine