Կլիմայի փոփոխությունը կարող է ծնելիության վրա՞ անդրադառնալ

10:30   2 հոկտեմբերի, 2014

Ճապոնիայի Ակո քաղաքում գործող առողջապահության ինստիտուտի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ կլիմայի փոփոխությունը կարող է որոշ երկրներում լույս աշխարհ եկող երեխաների գենդերային հարաբերակցության վրա անդրադառնալ: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ դեռեւս մոր արգանդում գտնվող տղաները խիստ խոցելի են՝ եղանակային փոփոխությունների նկատմամբ, տեղեկացնում է Yahoo-ն:

Ճապոնիայում 1970թ.-ից ի վեր բավականին հաճախ են օդի ջերմաստիճանի՝ նորմայից շեղվող տատանումներ արձանագրվում: Մասնագետները նկատել են, որ նույն ժամանակահատվածում արական սեռի պտղի մահացության դեպքերի նշանակալի աճ է  գրանցել: Ավելին՝ վերը հիշատակված մեկնակետից ի վեր՝ տարեցտարի լույս աշխարհ եկած տղաների թվի շարունակական կրճատում է նկատվում, ինչը վկայություն է առ այն, որ եղանակի տաքացումը եւ կլիմայական էքստրեմալ երեւույթները կարող են բացասականորեն ազդել արական սեռի պտղի առողջության վրա: 

Հետազոտության շրջանակում գիտնականները Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության կողմից 1968-2012թթ.-ին գրանցված ամենամսյա եղանակային տվյալները եւ պտղի մահվան ու ծննդաբերության դեպքերի մասին նույն ժամանակահատվածում կազմված արձանագրություններն են վերլուծել: Բացի այդ, Ճապոնիայում գրանցված վերջին երկու էքստրեմալ եղանակային իրադարձությունների՝ 2010թ.-ի չափազանց շոգ ամռան եւ 2011թ.-ի ցրտաշունչ ձմռան ազդեցություններն են առանձին ուսումնասիրության օբյեկտիվում հայտնվել: Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ հիշյալ ժամանակահատվածներում արական սեռի պտղի մահացության դեպքերի, իսկ ինը ամիս անց էլ՝ լույս աշխարհ եկած տղաների թվաքանակի զգալի կրճատում է հրահրվել:

Վերը բերված տվյալները թույլ են տալիս՝ ենթադրելու, որ օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են ոչ միայն արական սեռի պտղի մահվան, այլ նաեւ՝ լույս աշխարհ եկած տղաների թվի շոշափելի կրճատման հանգեցնել: Այդուհանդերձ, հետազոտությամբ միայն երկու երեւույթների միջեւ կապի առկայությունն է փաստվել, ինչը չի կարող այն եզրահանգմանը դրդել, թե գենդերային հարաբերակցության՝ Ճապոնիայում գրանցվող փոփոխությունների անմիջական եւ միակ մեղավորը եղանակային տատանումները կամ փոփոխություններն են: Մասնագետների հավաստիացմամբ, մի շարք այլ գործոններ, այդ թվում՝ շրջակա միջավայրում առկա տոքսինների ծավալը եւ ընդհանուր աղտոտվածության մակարդակը եւս կարող են գենդերային հարաբերակցության վրա ազդել:



© NEWS.am Medicine