Ախորժակը փակող միջոցները չեն վերացնում ամանորյա շատակերության հետեւանքները. The Guardian

10:15   1 հունվարի, 2024

Ֆիզիոլոգ Սայմոն Քորկը Անգլիայի Ռասկինի համալսարանից եւ էնդոկրինոլոգ Հարշալ Դեշմուհը Հալլի (Մեծ Բրիտանիա) համալսարանից պատմել են, որ նիհարելու համար նախատեսված միջոցների օգնությամբ ամեն ինչ վերահսկողության տակ պահելու փորձը ամանորյա տոներին կարող է վտանգավոր եւ անարդյունավետ լինել, տեղեկացրել է The Guardian-ը։

Բժիշկները կոչ են արել Նոր տարուց առաջ կամ տոների ժամանակ չհենվել նիհարելու համար նախատեսված միջոցների (ինչպիսին են օզեմպիկը եւ վեգովին) վրա։ Դրանց ակտիվ նյութը՝ սեմագլուտիդը, առաջ է բերում գլյուկագոնատիպ-1 հորմոնը, որն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը կուշտ է։ Դա խթանում է ինսուլինի արտազատումը ենթաստամոքսային գեղձում, որը նվազեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ։ Բացի այդ, նման դեղերի ընդունումը նպաստում է մարսողության դանդաղմանը։

Որոշ մարդիկ դիմում են օզեմպիկի եւ վեգովի օգտագործմանը, որպեսզի վերացնեն ամանորյա շատակերության հետեւանքները։ Քորկը նշել է, որ այդ դեղերի ընդունումը չի կանխում քաշի ավելացումը նրանց մոտ, ովքեր չափից շատ կալորիաներ են ստացել տոների ժամանակ։ Բացի այդ, դրանք չեն օգնում արագ քաշ գցելուն։ Դրա փոխարեն խորհուրդ է տրվում հետեւել առողջ սննդակարգին եւ վարժություններ կատարել։

Էնդոկրինոլոգ Դեշմուհը եւս նշել է, որ արդյունավետության հասնելու համար կպահանջվի դեղի չափաբաժնի ճիշտ ընտրություն բժշկի կողմից։ Դեղերը կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսին են սրտխառնոցը, գլխապտույտը, փորկապությունը եւ գլխացավը։



© NEWS.am Medicine