ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահին

20:02   2 հոկտեմբերի, 2014

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց  Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ,  պրոֆեսոր Տատյանա Զնամենսկայային:

Առաջատար մասնագետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-ին արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներին նվիրված գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:

Արմեն Մուրադյանը նշեց, որ այդ  ձեւաչափի հանդիպումները լավ հնարավորություն են մասնագիտական փորձի, գիտելիքների փոխանակման համար:  Նա  առաջարկեց  սերտացնել  երկու երկրների մասնագիտական միավորումների  համագործակությունը:

Ներկայացնելով  մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի արձանագրած  հաջողությունները` նախարարը շեշտեց, որ Հայաստանում էականորեն նվազել են մանկական եւ մայրական մահացության ցուցանիշները:

Տատյանա Զնամենսկայան նշեց, որ Հայաստանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ իրենց համագործակցությունը տարիների փորձ ունի:

Նրա խոսքով` իր ղեկավարած ասոցիացիան ունի մոտ 2000 անդամ: Կառույցի հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին ցուցաբերվող բժշկական օգնության բարելավումն է, հատկապես՝ 1 կգ քաշով լույս աշխարհ եկած նորածինների: 

Պրոֆեսորի գնահատմամբ` Հայաստանի մասնագետները լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում եւ քննարկումները հնարավորություն կտան բացահայտելու նոր մոտեցումներ եւ մշակելու առաջիկա ծրագրեր:

Հանդիպմանը ներկա էին  մոր եւ մանկան ոլորտի հայաստանյան  առաջատար մասնագետներ: Անդրադարձ կատարվեց նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումների ուսումնասիրման անհրաժեշտությանը,  հասարակության լայն շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների  մակարդակի բարձրացմանը, առողջապահական արդիական այլ հարցերի:

 

 

 



© NEWS.am Medicine