ԱՄՆ-ում 30 տարեկանն անց  կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճ է գրանցվել

08:16   22 հունվարի, 2024

Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարում տասնամյակների լավ նորություններից հետո, որոնք նշանավորվել են հիվանդացության և մահացության կայուն անկումով, նոր զեկույցը ցույց է տալիս, որ որոշ կանայք դեռ տառապում են այդ հիվանդությամբ:

Վաղ հայտնաբերման և բուժման շնորհիվ վերջին 50 տարիների ընթացքում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը նվազել են ավելի քան կեսով:

Ցուցանիշներն ամենաարագը նվազում են 20 տարեկանին մոտ կանանց շրջանում՝ առաջին սերունդը, որն օգտվել է  մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութերից, որոնք հավանություն են ստացել  2006 թվականին:

ՄՊՎ-ն առաջացնում է վեց տեսակի քաղցկեղ, ներառյալ արգանդի վզիկի քաղցկեղը:

20-ից 24 տարեկան կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը 2012-ից 2019 թվականներին նվազել են 65%-ով, ասվում է Ամերիկյան քաղցկեղի միության զեկույցում:

Սակայն, ոչ բոլոր կանանց մոտ է այս իրավիճակը:

 30-ից 40 տարեկան կանանց շրջանում հիվանդացությունը կայուն աճում է: 2012-ից 2019 թվականներին 30-ից 44 տարեկան կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման դեպքերն աճել են տարեկան գրեթե 2%-ով։

Որոշ փորձագետներ կարծում են, որ դա պայմանավորված է տարիքի հետ կապված ՄՊՎ պատվաստումների բացակայությամբ:

Բարեբախտաբար, 30-40 տարեկան կանանց մոտ հայտնաբերված քաղցկեղները հիմնականում վաղ, բուժելի ուռուցքներ էին, ասում է Ահմեդին Ջեմալը՝ նոր զեկույցի ավագ հեղինակը և Քաղցկեղի միության ավագ փոխնախագահը:

Ամեն տարի մոտավորապես 13800 ամերիկուհի ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղով, և 4360-ը մահանում է այդ հիվանդությունից:

Հետազոտողները չեն խորացել պատճառների մեջ, թե ինչու է արգանդի վզիկի քաղցկեղը որոշ կանանց մոտ ավելի հաճախակի դառնում, ասել է Ջեմալը:

Այնուամենայնիվ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, արգանդի վզիկի քաղցկեղով կանանց կեսից ավելին կամ երբեք չի հետազոտվել կամ չի հետազոտվել վերջին հինգ տարվա ընթացքում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի քիչ կանայք են ենթարկվում արգանդի վզիկի քաղցկեղի սովորական զննումների:

21-ից 65 տարեկան կանանց թիվը, որոնք հետազոտվել են վերջին ուղեցույցների համաձայն, 2000 թվականի 87%-ից նվազել է մինչև 72%, ըստ Քաղցկեղի ազգային ինստիտուտի:

Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ 21-ից 29 տարեկան կանայք ամենաքիչն էին տեղյակ իրենց զննումների վերաբերյալ վերջին իրադարձություններին, ընդ որում՝ նրանց 29% ժամկետից ուշ էր ներկայացել:

ԱՄՆ-ի Կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս 21-ից 29 տարեկան կանանց երեք տարին մեկ հանձնել պապանիկոլաու քսուքը, որի բջիջները  հետազոտվում են  մանրադիտակով: 30-ից 65 տարեկան կանայք  կարող են հետազոտվել   երեք կամ հինգ տարին մեկ անգամ ՄՊՎ թեստով կամ երկու թեստերի համակցությամբ: ՄՊՎ թեստերը կարող են հայտնաբերել մարդու պապիլոմավիրուսի գենետիկական նյութը։

Որոշ փորձագետների կարծիքով, հնարավոր է, որ 20  տարեկան կանանց շրջանում հետազոտման  ցածր ցուցանիշները  օգնեն բացատրել 30-40 տարեկան կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի մի փոքր ավելի բարձր ցուցանիշների պատճառը։



© NEWS.am Medicine