Փորձագետները նշել են «անտեսանելի հիվանդության» ախտանշանների մասին. The Sun

18:28   23 հունվարի, 2024

Վահանաձեւ գեղձի անբավարար ակտիվությունը կարող է ի հայտ գալ մի քանի ընդհանուր ախտանշաններով, ինչպիսին են հոգնածությունը, դեպրեսիան, ցրտի մշտական զգացողությունը եւ քաշի ավելացումը, տեղեկացրել է The Sun-ը։ Այս ախտանշանները կարող են հեշտորեն շփոթվել այլ վիճակների հետ եւ հաճախ զարգանում են դանդաղ, ինչը դրանք ոչ ակնհայտ է դարձնում երկար տարիներ։ Այստեղից էլ՝ «անտեսանելի հիվանդություն» անվանումը։

Վահանաձեւ գեղձը կարեւոր դեր է խաղում օրգանիզմում՝ արտադրելով հորմոններ, ինչպիսին է տիրոկսինը, դրանք ազդում են նյութերի եւ էներգիայի փոխանակության վրա։ Երբ այդ գեղձը բավական քանակությամբ հորմոններ չի արտադրում իմունային համակարգի գրոհի պատճառով, այն կարող է դառնալ անտեսանելի խնդիրների պատճառ։

Վահանաձեւ գեղձի անբավարար ակտվիությունը, չբուժվելու դեպքում, կարող է ավելացնել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակի պատճառով։ Հնարավոր են նաեւ այլ լուրջ հետեւանքներ, ինչպիսին են խպիպը, բարդությունների բարձր հավանականությունը հղիության ժամանակ եւ, հազվադեպ, այն վիճակը, որն անվանվում է միկսեդեմա կոմա։

Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների ախտորոշման համար անհրաժեշտ է հանձնել արյան նմուշ՝ հորմոնների մակարդակը պարզելու համար։ Եթե այնպիսի ախտանշաններ ունեք, ինչպիսին են հոգնածությունը, դեպրեսիան կամ քաշի փոփոխությունը, կարեւոր է դիմել բժշկին՝ համապատասխան զննում անցնելու համար։ Դեպքերի մեծ մասում բուժումը ներառում է հորմոնալ դեղահաբերի ընդունում, ինչն օգնում է վերականգնել հորմոնների հավասարակշռությունն օրգանիզմում։ 



© NEWS.am Medicine