Չափել ճնշումը օրը 2 անգամ. սրտաբանի խորհուրդները եղանակի տատանումների հետ կապված  

14:06   11 փետրվարի, 2024

Եղանակային արտահայտված տատանումներով պայմանավորված ավելացել է զարկերակային բարձր ճնշումով և սրտային այլ հիվանդությունների սրմամբ հիվանդանոցներ դիմողների թիվը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան Տիգրան Խաչատրյանը:

«Սրտային խնդիրները, սովորաբար, գարնանն ու աշնանն են սրվում, սակայն վերջին տարիներին ու հատկապես, այս տարի, սրտային խնդիրներով դիմողների աճ նկատվել է ձմռան ամիսներին»,- ասաց բժիշկը: 

Սրտաբանի խոսքով, եթե անցյալ տարի շողացող առիթմիայով և սրտանոթային այլ խնդիրներով հոսպիտալացման դեպքերն էին շատ, ապա այս տարի գերակշռում են զարկերակային բարձր ճնշմամբ  և սուր ինֆարկտներով դեպքերը:

Ի՞նչ անել

Տիգրան Խաչատրյանը բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տալիս.

Ըստ մասնագետի, ճնշումը պետք է պարբերաբար չափել, քանի որ երբեմն բարձր ճնշման դեպքում բուժառուն իրեն լավ է զգում, և չի հասկանում, որ բարձրացել է ճնշումը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, հաճախ ձմռան ամիսներին դեղաչափի փոփոխության կարիք է լինում, սակայն դա միայն բժշկի հետ խորհրդակցության արդյունքում կարող է որոշվել, բուժառուները չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեն:

Տոնական սիրտ

Ձմռանը սրվող տարածված հիվանդություններից մեկը շողացող առիթմիան է: Բժշկի խոսքով հիվանդության սրման գլխավոր պատճառներից մեկը ալկոհոլի չարաշահումն է: Ամանորյա տոներին բուժառուները սովորաբար չարաշահում են ալկոհոլն ու վնասակար սնունդը, մոռանում դեղահաբերի ընդունման մասին, ինչի պատճառով էլ հունվար ամսին ավելանում են հիվանդության սրմամբ պայմանավորված հոսպիտալացման դեպքերը: Բժիշկների շրջանում այս երևույթը որպես «տոնական սիրտ» է հայտնի:

Հիպերտոնիան երիտասարդանում է

Տիգրան Խաչատրյանի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, հիվանդությունների երիտասարդացման միտում կա: Երիտասարդների շրջանում ավելի հաճախ է զարկերակային ճնշման բարձրացում նկատվում, ինչը, ամենայն հավանականությամբ, վնասակար սովորություններով է պայմանավորված:

Բժիշկը չի բացառում նաև, որ դիմողների թվի աճը հասարակության գիտակցության բարձրացմամբ է պայմանավորված: «Գովելի է, որ արդեն առաջին նախանշանների դեպքում դիմում են, ինչը հնարավորություն է տալիս կանխարգելել հիվանդության հնարավոր բարդացումները»,- ասաց նա:



© NEWS.am Medicine