Ալցհեյմերի դեմ նոր դեղամիջոցները կարող են լուրջ կողմնակի ազդեցություններ ունենալ. Times

18:22   20 փետրվարի, 2024

Գիտնականները նախազգուշացրել են Ալցհեյմերի վերջին դեղամիջոցների վտանգավոր կողմնակի ազդեցությունների հնարավորության մասին՝ ուղեղի այտուցների և արյունահոսության վտանգի մասին, գրում է The Times թերթը։

Խոսքը, ըստ հրապարակման, այնպիսի «հեղափոխական» դեղամիջոցների մասին է, ինչպիսին լեկանեմաբն է, որը ստեղծվել է ճապոնական Eisai ընկերության և նրա ԱՄՆ գործընկեր Biogen-ի կողմից և ամերիկյան Lilly ընկերությունից դոնանեմաբը: Այս դեղամիջոցները կարող են դանդաղեցնել ճանաչողական անկումը` մաքրելով ուղեղը թունավոր ամիլոիդ սպիտակուցից:

Սակայն, փորձագետները զգուշացրել են, որ Ալցհեյմերի երկու դեղամիջոցների անվտանգության հրապարակված տվյալների մեջ կան «զգալի բացեր», որոնք կարող են առաջացնել պոտենցիալ լուրջ կողմնակի բարդություններ: Նրանք չեն բացառում ռիսկը, որ դրանց ընդունման բացասական գործոնները կարող են գերազանցել «հեղափոխական բուժման» հնարավոր օգուտները։

Լեկանեմաբի ուսումնասիրության ընթացքում դեղը ընդունողների մոտավորապես 21%-ի մոտ գլխուղեղի այտուց կամ արյունահոսություն է նկատվել՝ համեմատած նրանց 9%-ի հետ, ովքեր պլացեբո են ստացել, ըստ հրապարակման: Փորձի մասնակիցների մեծ մասի համար՝ թեթև ճանաչողական խանգարումներով կամ Ալցհեյմերի վաղ հիվանդությամբ՝ հաստատված ամիլոիդային կուտակումներով, խնդիրները լուծվել են, սակայն մոտ 1,8 հազար հետազոտվողների 1%-ի մոտ լուրջ կողմնակի բարդություններ են եղել: Երեք հիվանդներ, ովքեր ունեցել են ուղեղի ուռուցք և արյունահոսություն, մահացել են հետազոտությունն ավարտելուց հետո:

Համաձայն Alzheimer's Research UK-ի հետազոտության ղեկավար Դեյվիդ Թոմասի՝ «Ինչպես առաջին սերնդի շատ այլ բուժումներ, լեկանեմաբը և դոնանեմաբը համեմատաբար համեստ արդյունավետություն ունեն և պարունակում են լուրջ կողմնակի ազդեցությունների վտանգ, որոնք պետք է ուշադիր ուսումնասիրվեն՝ նախքան դրանք հնարավոր կլինի օգտագործել Մեծ Բրիտանիայում»:

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում լեկանեմաբի հնարավոր հաստատման մասին որոշումը կարող է ընդունվել արդեն հաջորդ շաբաթ, իսկ դոնանեմաբն այս տարվա վերջին, հայտնում է հրատարակությունը:  



© NEWS.am Medicine