Ծորակի խմելու ջուրը վտանգավո՞ր է հղի կանանց համար

20:42   6 հոկտեմբերի, 2014

Բոստոնի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները հղի կանանց խորհուրդ են տալիս զգուշությամբ վերաբերվել խմելու ջրին, քանի որ այն կարող է մահածնության եւ հղիության հետ կապված մի շարք բարդությունների առաջացման պատճառ դառնալ: Նրանց նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները Environmental Health ամսագրում են հրապարակվել:

Ուսումնասիրության դրդապատճառը հղիության հետ կապված բարդությունների՝ Մասաչուսեթս նահանգում գտնվող Քեյփ Քոդ բնակավայրում գրանցվող չափազանց բարձր ցուցանիշներն են եղել: Գիտնականները փորձել են մահածնության՝ կրկնակի եւ ընկերքի անջատման (արգանդի պատից)՝ 1,35 անգամ բարձր ռիսկերի, ինչպես նաեւ հեշտոցային արյունահոսության հաճախակի դեպքերի պատճառը պարզել: Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ երեւույթի պատճառը բնակավայրում օգտագործվող՝ տետրաքլորէթիլենով հարուստ խմելու ջուրն է, հաղորդում է Medical Daily-ն:

Գիտահետազոտական խմբի անդամները տետրաքլորէթիլենի բարձր բաղադրությամբ ջրի ազդեցությանը ենթարկված շուրջ 1100 կանանց հղիության ընթացքն են ուսումնասիրել՝ ի համեմատության 1000 մասնակիցների, որոնք առավել մաքուր ջուր են խմել:  Ամանաբարձր ռիսկային խմբում Քեյթ Քոդի բնակչուհիներն են ներառվել, քանի որ բնակավայրը սպասարկող խմելու ջուրը 1960-1980թթ.-ին վինիլապատ ասբեստացեմենտային խողովակներով է շրջանառվել, ինչը կարող է տետրաքլորէթիլենի արտահոսքի պատճառ դառնալ: 

Մահածնությունը սովորաբար 60 հղիություններից մեկի պարագայում է արձանագրվում: Մինչդեռ տետրաքլորէթիլենի բարձր բաղադրությունը կարող է, հղիության 20-րդ շաբաթից հետո՝ մինչ ծննդաբերության մեկնարկը, ցուցանիշի կրկնապատկման հանգեցնել: Ընկերքի անջատումը մահածնության ամենայն տարածում գտած պատճառների մեկն է, քանի որ պտղին թթվածին եւ սնուցիչներ ձեռք բերելու հնարավորությունից է զրկում եւ, մահից խուսափելու պարագայում էլ, ժամանակին եւ առողջ լույս աշխարհ գալու շանսերը նվազեցնում:



© NEWS.am Medicine