Նորածինների իմունային համակարգը մեծահասակների իմունային համակարգի ոչ հասուն տարբերակը չէ: Այն ուրիշ է -  հետազոտություն

12:27   26 փետրվարի, 2024

Գիտնականները երկար ժամանակ կարծում էին, որ նորածնի իմունային համակարգը մեծահասակների իմունային համակարգի ոչ հասուն տարբերակն է, սակայն Կորնելի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ նորածինների T բջիջները՝ արյան սպիտակ մարմինները, որոնք պաշտպանում են հիվանդություններից, գերազանցում են մեծահասակների T բջիջներին բազմաթիվ վարակների դեմ պայքարում։

Այս բացահայտումները օգնում են պարզաբանել, թե ինչու են մեծահասակները և նորածինները տարբեր կերպ արձագանքում վարակներին և ճանապարհ են հարթում թերապևտիկ նպատակներով T բջիջների վարքը վերահսկելու համար:

Բացահայտումը նկարագրվել է Science Immunology ամսագրում հրապարակված աշխատության մեջ՝   մանրէաբանության և իմունոլոգիայի դոցենտ Բրայան Ռադի  և մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի պրոֆեսոր Էնդրյու Գրիմսոնի  կողմից:

Հետազոտողների կարծիքով, օրինակ,  հասուն մարդու T բջիջները գերազանցում են նորածնի T բջիջներին այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են հակագեները ճանաչելը, իմունաբանական հիշողությունների ձևավորումը և կրկնվող վարակներին արձագանքելը, ինչը հանգեցրել է այն համոզմունքին, որ նորածնի T բջիջները պարզապես հասուն մարդու T բջիջների ավելի թույլ տարբերակն են:  Բայց COVID-19 համավարակի ժամանակ շատերը զարմացան նորածինների մոտ հիվանդության ակնհայտ բացակայությամբ, ինչը կասկածի տակ դրեց  այս վաղեմի համոզմունքը։

Շահագրգիռ  լինելով հասկանալու տարիքային այս տարբերությունները՝ Ռադը և Գրիմսոնը հայտնաբերեցին, որ նորածնի T բջիջները թերի չեն. փոխարենը դրանք մասնակցում են  իմունային համակարգի այն մասում, որը չի պահանջում հակագենի ճանաչում՝   իմունային համակարգի բնածին բաժնում: Այն դեպքում, երբ հասուն  T բջիջները օգտագործում են հարմարվողական իմունիտետը՝ ճանաչելով հատուկ մանրէները, որպեսզի հետագայում կարողանան պայքարել դրանց դեմ, նորածին T բջիջներն ակտիվանում են սպիտակուցներով, որոնք կապված են բնածին իմունիտետի հետ՝ իմունային համակարգի այն մասի, որն ապահովում է արագ, բայց ոչ յուրահատուկ պաշտպանություն մանրէներից, որոնց օրգանիզմը երբեք չի հանդիպել։

«Մեր աշխատանքը ցույց է տալիս, որ նորածինների T բջիջները վնասված չեն, դրանք պարզապես տարբերվում են մեծահասակների T բջիջներից, և այդ տարբերությունները, հավանաբար, արտացոլում են գործառույթների տեսակը, որն առավել օգտակար է դրանք կրողի համար նրա կյանքի տարբեր փուլերում», - ասել է Ռադը:

Նորածինների T բջիջները կարող են մասնակցել բնածին իմունային համակարգում:  Գիտնականները պարզել են, որ սա նորածինների T բջիջներին թույլ է տալիս անել այն, ինչը, մեծամասամբ, ի զորու չեն անել  մեծահասակների T բջիջները․ արձագանքել վարակի ամենավաղ փուլում և պաշտպանվել անհայտ բակտերիաներից, մակաբույծներից և վիրուսներից:



© NEWS.am Medicine