Գիտնականները պարզել են էկզեմայով տառապող երեխաների մոտ հիշողության հետ կապված խնդիրների բարձր ռիսկը

14:19   18 մարտի, 2024

Գիտնականների գնահատմամբ, ամբողջ աշխարհում երեխաների 15-20%-ը տառապում է ատոպիկ դերմատիտից:

Որպես էկզեմա հայտնի այս քրոնիկ հիվանդությունը առաջացնում է մաշկի չորություն, քոր, կարմրություն և գրգռում:

Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ ատոպիկ դերմատիտով երեխաների մոտ մեծանում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են ասթման, մաշկային վարակները և սննդային ալերգիաները:

Բացի այդ, հետազոտողները երեխաների էկզեման կապել են նյարդային համակարգի զարգացման խանգարումների ավելի բարձր հաճախականության հետ, ներառյալ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ADHD), աուտիզմի սպեկտրի խանգարումները և սովորելու անկարողությունը:

Վերջերս JAMA Dermatology-ում հրապարակված ուսումնասիրության մեջ Մերիլենդի Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականներն ավելի շատ ապացույցներ են ներկայացրել, որոնք էկզեման կապում են  ճանաչողական խանգարումների հետ, ինչպիսիք են  սովորելու և հիշողության հետ կապված դժվարությունները երեխաների մոտ:

Գիտնականները պարզել են, որ ատոպիկ դերմատիտով երեխաներն ավելի հաճախ են   սովորելու և հիշողության հետ կապված դժվարություններ ունենում, քան նրանք, ովքեր չունեն այդ հիվանդությունը:

Նրանք նաև հայտնել են, որ էկզեմայով տառապող երեխաների մոտ երկու-երեք անգամ ավելի մեծ է հիշողության հետ կապված խնդիրների վտանգը, եթե նրանք նաև նյարդային զարգացման խանգարումներ են ունեցել, ինչպիսիք են ADHD-ը կամ սովորելու անկարողությունը:



© NEWS.am Medicine