Շարունակելու ենք բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը. ՀՀ ԱՆ

21:40   22 մարտի, 2024

ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի մեծացնել բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը։ Դրա մասին Ազգային ժողովում մարտի 22-ին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ Առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության ծրագրի (2021-2026)՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունավետության հաշվետվության քննարկման ժամանակ՝ պատգամավորների հարցերին ի պատասխան:

«Պետք է մեծացնենք բնակչության հասանելիությունը ոչ միայն ֆիզիկական, այլև ֆինանսական առումով։ Բժշկական օգնությունը պետք է որակյալ լինի, պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին ու պահանջներին»,- շեշտել է Ավանեսյանը։

Նախարարը հայտնել է, որ 2023 թվականին գերատեսչությունն իրականացրել է դրան միտված 46 միջոցառում։

Մասնավորապես, պետպատվերի շրջանակում ավելացվել է դժվարամատչելի վայրերում բնակչությանը ստացիոնար բուժօգնության և սպասարկման ծավալը։ Մատուցված ծառայությունների թիվը կազմել է 861 հազար 845, ինչը 74  հազար 981-ով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։

Ընդ որում, ծանր հիվանդությունների ցանկը մնացել է նույնը. սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ և չարորակ նորագոյացություններ:

Առողջապահության նախարարն ընդգծել է, որ այնուհանդերձ 2023 թվականին չարորակ նորագոյացությունների բուժսպասարկումն աճել է 50 հազարով, ինչը 2022 թվականի համեմատ 1,5 տոկոսով ավելի է։



© NEWS.am Medicine