ECCMID. Հատուկ աղիքային բակտերիաների 10%-ով աճը նվազեցնում է վարակի վտանգը 25%-ով

08:22   24 մարտի, 2024

Աղիքային հատուկ բակտերիաների քանակի յուրաքանչյուր 10%-ով աճը 25%-ով նվազեցնում է վարակների պատճառով հոսպիտալացման վտանգը։ Այս մասին հայտնում է Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միությունը (ECCMID):

Աղիքային միկրոբիոտայի կազմի փոփոխությունները հաճախ հանդիպում են ծանր վարակներով հոսպիտալացված հիվանդների մոտ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նման մարդկանց մոտ իջել է աղիքային անաէրոբ բակտերիաների մակարդակը, որոնք արտադրում են բուտիրատ նյութը:

Նոր հետազոտության մեջ վերլուծվել են Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից 10,7 հազար հիվանդների տվյալները։ Հետազոտության ընթացքում նրանցից 602-ը հոսպիտալացվել են ծանր վարակներով։ Միկրոբիոտայի կազմը որոշել են աղիների պարունակության նմուշներից վերցված ԴՆԹ-ի վերլուծությամբ:

Որքան բարձր է եղել բուտիրատ արտադրող բակտերիաների մակարդակը, այնքան ցածր է եղել ծանր վարակի վտանգը: Այս մանրէների յուրաքանչյուր 10%-ով աճը նվազեցրել է հոսպիտալացման վտանգը 25%-ով հոլանդացի մասնակիցների համար և 14%-ով   ֆինների համար: Այս արդյունքներն անփոփոխ են մնացել դեմոգրաֆիայի, ապրելակերպի, հակաբիոտիկների ազդեցության և համակցված հիվանդությունների տվյալների հիման վրա ճշգրտումից հետո:

Հետագա հետազոտությունները պետք է պարզեն, թե արդյոք բուտիրատ արտադրող բակտերիաներով դեղամիջոցները կարող են նվազեցնել ծանր վարակների վտանգը: Խնդիրներից մեկն այն է, որ այդ մանրէները խիստ անաէրոբ են: Սա նշանակում է, որ դրանք չեն կարող ապրել թթվածնի առկայության դեպքում, ինչը դժվարացնում է կենսունակ բակտերիաների տեղափոխումը աղիքներ: Այս խնդիրը լուծելու համար մի քանի հետազոտական խմբեր են աշխատում։



© NEWS.am Medicine