ԱՆ-ն անվճար կտրամադրի Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը

12:45   3 ապրիլի, 2024

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել և պացիենտներին անվճար տրամադրում է Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Նշենք, որ մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին:

Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, որոնցից 153` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ):

Դեղի անվճար տրամադրման շնորհիվ` կապահովվի նորածինների շրջանում ապրելիության աճ, հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկի և ինֆեկցիոն բարդությունների նվազում, հիվանդանոցներում մնալու տևողության կրճատում, թերապիայի արդյունավետության որակական բարձրացում:

Դեղով ապահովված են ՀՀ բոլոր ծննդատների և մանկական հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները»,- ասված է գրառման մեջ:



© NEWS.am Medicine