Գտնվել է գիշերային մղձավանջներից ազատվելու պարզ միջոց

10:37   10 ապրիլի, 2024

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ազատվել գիշերային մղձավանջներից։ Տեխասի համալսարանի փորձագետները հատուկ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Փորձին մասնակցել է 82 մարդ, որոնց խնդրել են հատուկ ֆիթնես-ապարանջաններ կրել վեց ամսվա ընթացքում։ Դրանց օգնությամբ ուսումնասիրվել են սրտի զարկերի եւ շարժումների հաճախակիության մասին տվյալները քնի ժամանակ։ Հաշվի են առնվել նաեւ այն տվյալները, թե քանի վարժություն են կատարել կամավորներն օրական։

Պարզվել է, որ այն օրերին, երբ փորձի մասնակիցները մարզվել են, նրանք գիշերն ավելի երկար են խոր քնի մեջ գտնվել, երբ օրգանիզմը վերականգնվել է եւ վերալիցքավորվել։ Ֆիզիկական մարզումներից հետո կամավորները գոհ են եղել քնի որակից՝ նշելով, որ իրենց ավելի առույգ են զգում եւ քիչ լարված։

Գիտնականների կարծիքով՝ օրական մեկ ժամից ոչ քիչ ֆիզիկական ակտիվությունն է օգնում ավելի լավ քնել եւ կրճատել այն ընդհանուր ժամանակը, երբ մարդը երազներ է տեսնում։ Բացի այդ, սպորտով զբաղվելը օգնում է հաղթահարել սթրեսը, որի կուտակումը, մասնագետների խոսքով, գիշերային մղձավանջների պատճառն է. ուղեղն այդ կերպ վերամշակում է ստացած տեղեկությունը։



© NEWS.am Medicine