Նիգերիան առաջինն աշխարհում հեղափոխական պատվաստանյութ է արտադրել մենինգիտի դեմ. ԱՀԿ

18:42   13 ապրիլի, 2024

Աֆրիկայի ամենահոծ բնակեցված երկիրը՝ Նիգերիան, դարձել է աշխարհի առաջին երկիրը, որը «հեղափոխական» պատվաստանյութ է թողարկել մենինգիտի դեմ, տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Մենինգիտը հին եւ մահացու թշնամի է, բայց այս նոր պատվաստանյութն ունի հիվանդության տարածման հետագիծը փոխելու, ապագա բռնկումները կանխելու եւ շատ կյանքեր փրկելու պոտենցիալ»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Նիգերիայում պատվաստանյութի ներդրումը մեզ մեկ քայլ մոտեցնում է մեր նպատակին՝ մենինգիտի վերացմանը մինչեւ 2030թ.»,- ասել է նա։

Men5CV պատվաստանյութը պաշտպանում է մենինգոկոկային մանրէների հինգ հիմնական շտամներից (A, C, W, Y եւ X) մեկ ընդունմամբ։

ԱՀԿ-ն հայտնել է, որ այդ պատվաստանյութը ապահովում է ավելի լայն պաշտպանություն, քան ներկայիս պատվաստանյութը, որն օգտագործվում է Աֆրիկայի տարածքի մեծ մասում, եւ որն արդյունավետ է միայն А շտամի դեմ։

Անցած տարի Աֆրիկայում մենինգիտի դեպքերի թիվն ավելացել էր 50 տոկոսով։

Նիգերիան, որի բնակչությունը կազմում է 220 մլն մարդ, 26 երկրներից մեկն է, որտեղ բարձր է մենինգիտի համաճարակը Աֆրիկյան մենինգիտային գոտի կոչվող տարածքում։

ԱՀԿ-ն նշել է, որ 153 մարդ մահացել է Նիգերիայում մենինգիտի բռնկման ժամանակ՝ հոկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 11-ն ընկած շրջանում։



© NEWS.am Medicine