Կարող է, արդյո՞ք, վերադառնալ ծաղիկ հիվանդությունը

13:22   14 ապրիլի, 2024

Բնական ծաղիկ հիվանդությունը, որը միայն 20-րդ դարում մոտ 500 միլիոն մարդու կյանք է խլել, մարդու միակ հիվանդությունն է, որը հաջողվել է արմատախիլ անել:

Սակայն «Ծաղիկի դեմ բժշկական հակամիջոցառումների ապագա վիճակը» նոր զեկույցում, որը պատրաստել է Գիտությունների, ինժեներիայի և բժշկության ազգային ակադեմիան (NASEM), պնդում է արվում, որ  Միացյալ Նահանգները և համաշխարհային հանրությունը պետք է պատրաստ լինեն, որ ծաղիկը կարող է վերադառնալ, գրում է Medical Xpress-ը։

Զեկույցի համաձայն, ծաղիկը կարող է վերադառնալ պատահական «արտահոսքի» կամ անգամ ահաբեկչական հարձակման արդյունքում։

Զեկույցում ասվում է նաև, որ բնական ծաղիկի վերադարձին նախապատրաստվելը բանալի է նույն ընտանիքի վիրուսների հետևանքով առաջացող այլ հիվանդությունների տարածումը կանխելու համար, ինչպիսին է խոզի ծաղիկի վիրուսը, որը համաշխարհային բռնկում էր առաջացրել 2022 թվականին և շարունակում է  մտահոգություն առաջացնել:

Ներկայումս միայն երկու լաբորատորիա՝  Ատլանտայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը  և ՌԴ Կոլցովոյի Կիրառական մանրէաբանության լաբորատորիան, ունեն վիրուսի պաշտոնական հավաքածուներ, որոնք առաջացնում են ծաղիկ հիվանդությունը, ինչը նվազեցնում է պատահական «արտահոսքի» հավանականությունը:

Սակայն գոյություն ունեն բնական ծաղիկի վիրուսի բավականին հասանելի գենետիկ  հաջորդականություններ, որոնցով  հնարավոր է դրա վերականգնումը, հատկապես սինթետիկ կենսաբանության և արհեստական բանականության զարգացման շնորհիվ:



© NEWS.am Medicine