ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կօգնի 50 երկրների հայտնաբերել և արձագանքել վարակիչ հիվանդություններին՝ կանխելու համավարակները, ինչպիսին Covid-19 վիրուսի բռնկումն էր, հայտնում է PA Media-ն։
Ըստ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, կառավարության պաշտոնյաները կաշխատեն այդ երկրներում թեստավորումը, հսկողությունը, հաղորդակցությունը և համանման բռնկումներին պատրաստվածությունը բարելավելու ուղղությամբ:
Աղբյուրը, սակայն, չի հստակեցրել ծրագրին մասնակից երկրների ցանկը։
Ներկայումս երկրները պայքարում են ապագա համավարակներին արձագանքելու վերաբերյալ գլոբալ համաձայնության հասնելու համար: Կորոնավիրուսային համավարակից չորս տարի անց, Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր 194 անդամների ստորագրած համավարակի պայմանագրի հեռանկարները անարդյունք են մնում:
Ամերիկյան ծրագիրը հենվելու է մի քանի կառավարական գործակալությունների վրա՝ ներառյալ ԱՄՆ Պետդեպարտամենտը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, Առողջապահության և սոցիալական ապահովության ծառայությունները և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որպեսզի օգնեն երկրներին կատարելագործել վարակիչ հիվանդությունների արձագանքման իրենց միջոցառումները։