Հանցագործություններն իրականացվում են տարբեր անձանց կողմից, որոնք կարող են ունենալ թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին օրերին եղան դեպքեր, երբ հոգեկան հիվանդություն ունեցող անձինք հանցագործություն էին գործել:
«Սա որեւէ առումով չի կարող ընդգծվել կամ դառնալ առանձին քննարկման առարկա:
Մեր երկրում հոգեկան առողջության խնդիրների, հոսպիտալային բուժման նկատմամբ պետք է փոխել ընկալումը: Այո, մարդն ունենալով հոգեկան խնդիրներ, պարտադիր չէ, որ մշտապես հոսպիտալացված լինի: Դա հակասում է նորագույն մոտեցումներին»,-ասաց նա:
Ավանեսյանը նաեւ հավելեց. «Մեր քաղաքականությունն է ապաինստիտուցիոնալիզացնել, այսինքն մարդու համար նրա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներին հասցեագրել հնարավորինս ոչ հոսպիտալացման շրջանակներում: Իհարկե, դա ճանապարհ է, մեկ օրում չենք կարող դա իրականացնել»: