Նախկին մոդելը քիչ է մնացել մահանա՝ փորձելով քաղցկեղը բուժել համացանցում գտած հյութերի դիետայով

16:47   20 ապրիլի, 2024

Նախկին մոդելը, որը քիչ էր մնում մահանար՝ փորձելով քաղցկեղը բուժել  հյութերի դիետայի միջոցով, խորհուրդ է տալիս չհրաժարվել ավանդական բժշկական խորհուրդներից  և չփորձել այլընտրանքային տեղեկատվություն գտնել համացանցում, հայտնում է Sky News-ը։

Բրիտանուհի Իրենա Ստոյնովան 2000 ֆունտ է ծախսել հյութաքամիչների վրա և օրական մինչև երեք ժամ ծախսել հեղուկ սնունդ պատրաստելու համար՝ հավատալով, որ այն կազատի իրեն իր ոչ Հոջկինյան լիմֆոմայից:

39-ամյա կնոջը ախտորոշել են 2021 թվականի հունիսին, և բժիշկները նրան խորհուրդ են տվել ավանդական բուժում անցնել, սակայն նա հրաժարվել է բժիշկներից՝ տեսնելով, թե համացանցում մարդիկ «ինչեր են պատմում այլընտրանքային բուժման հաջողության մասին»։

Ստոյնովան պատմել է, որ երկուսուկես տարի հետևել է հյութերի դիետային, ինչպես նաև փորձել է հումակերությունը, ընդհատվող ծոմապահությունը, խոտաբույսեր և հատուկ թեյեր խմելը:

Ըստ նրա, ինքը լսել է մի տղամարդու, որը հարյուր հազարավոր հետևորդներ ունի սոցիալական ցանցերում, որը պնդում էր, որ օրգանիզմը կարող է «ինքն իրեն բուժել»՝ ​​ապրելակերպը և սննդակարգը արմատապես փոխելու շնորհիվ:

Սակայն բժիշկները նրան ասել են, որ առանց քաղցկեղի երրորդ փուլի բուժման, նա, ամենայն հավանականությամբ, կմահանա, բայց Ստոյնովան դեռ մի քանի օր  շարունակել է հրաժարվել բուժումից, նախքան քիմիաթերապիային համաձայնվելը:

Բժիշկները նկարագրում են նրա հետ տարվող «հիասթափեցնող» զրույցները, սակայն, ի վերջո, նա  համաձայնվել է սկսել քիմիաթերապիան 10 օր հիվանդանոցում մնալուց հետո:

Կինը ներկայումս ռեմիսիայի մեջ է։





© NEWS.am Medicine