Էմուլգատորներն ընդունակ են շաքարախտ առաջացնելու. The Lancet Diabetes & Endocrinology

21:13   24 ապրիլի, 2024

Ֆրանսիացի գիտնականները սննդային էմուլգատոր հավելումների՝ առողջությանը վերաբերող վտանգներ են հայտնաբերել: Ըստ The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում հրապարակված հետազոտության՝ դրանց օգտագործումը կարող է 2-րդ տիպի շաքարախտ առաջացնել։

Հետազոտողները վերլուծել են 2009-ից 2023 թվականներին NutriNet-Santé խմբային վեբ հետազոտությանը մասնակցած միջինում 43 տարեկան 104 հազար139 անձանց տվյալները:

Կամավորներն առնվազն երկու օր սննդակարգի գրառումներ են արել՝ մանրամասն տեղեկություն հավաքելով 14 տարվա ընթացքում վեց ամիսը մեկ օգտագործած բոլոր մթերքների վերաբերյալ: Հեղինակները այս գրառումները համադրել են տվյալների բազաների հետ՝ սննդի մեջ սննդային հավելումների առկայությունն ու քանակը որոշելու համար: Հետազոտության ընթացքում մասնակիցները շաքարախտի զարգացման մասին հայտնել են 1056 դեպքում:

Հետազոտողներն ուսումնասիրել են շաքարախտի մի քանի հայտնի ռիսկի գործոններ՝ ներառյալ տարիքը, սեռը, քաշը, կրթական մակարդակը, ընտանեկան պատմությունը, ծխախոտի, խմիչքի օգտագործումը, սննդի որակը և ֆիզիկական ակտիվության մակարդակը:

Պարզվել է, որ էմուլգատորների, մասնավորապես կարագինանների, տրիկալիումի ֆոսֆատի, գլիցերինի քարաթթվի եթերների, նատրիումի ցիտրատի, գուարի ռետինի, արաբական ռետինի և քսանթան ռետինի խրոնիկ ազդեցությունը կապված է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի հետ 3-ից 15 տոկոսով՝ օրական յուրաքանչյուր 100-1000 միլիգրամում:

Էմուլգատորները հաճախ ավելացնում են խիստ վերամշակված մթերքին, մասնավորապես տորթերին, թխվածքաբլիթներին, աղանդերին, յոգուրտին, պաղպաղակին, շոկոլադե սալիկներին, մարգարինին, պատրաստի ուտեստներին...

Էմուլգատորների թվին են դասվում ճարպաթթուների մոնո- և դիգլիցերիդները, կարագինանները, ձևափոխված օսլաը, լեցիտինը, ֆոսֆատը, ցելյուլոզը, բուսախեժը և պեկտինները:



© NEWS.am Medicine