OU: Ծխելուց հրաժարվելը մեծացնում է կոկորդի քաղցկեղը բուժելու հավանականությունը 4 անգամ

08:31   25 ապրիլի, 2024

Կոկորդի քաղցկեղով հիվանդ մարդիկ կարող են զգալիորեն բարելավել իրենց կյանքը երկարացնելու հնարավորությունը՝ նախքան բուժումը սկսելը ծխելուց հրաժարվելով: Այս եզրակացությանն է հանգել Օկլահոմայի համալսարանի (OU) գիտնականների հետազոտությունը։

Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ կոկորդի քաղցկեղի դեպքում ծխելը կապված է վատթարագույն կանխատեսման հետ: Նոր աշխատանքում գիտնականները կենտրոնացել են այն մարդկանց վրա, որոնք հրաժարվել են ծխելուց՝ իրենց ախտորոշումն իմանալուց հետո: Քաղցկեղի ախտորոշումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդները ստացել են ճառագայթային թերապիա կամ վիրահատվել են:

Նախքան բուժումը ծխելուց հրաժարվածների մոտ ավելի հաճախ է նկատվել բուժման դրական ընթացք, այսինքն՝ բժիշկները նրանց մոտ քաղցկեղի նշաններ չեն հայտնաբերել: Սա 50%-ով նվազեցրել է կոկորդը հեռացնելու և ձայնի ձևավորման սարք տեղադրելու հավանականութունը։ Սա արվում է այն ժամանակ, երբ ավանդական բուժումն արդյունք չի տալիս: Այն ուղեկցվում է կյանքի որակի վատացմամբ և կուլ տալու դժվարությամբ։

Բացի այդ, ծխելուց հրաժարվածներն ավելի երկար են ապրել։ Երեք տարվա բուժման ընթացքում ծխելուց հրաժարվածների 83%-ը և ծխելը շարունակողների 66%-ը ողջ են եղել։ Հինգ տարի անց ծխելուց հրաժարվածների 79%-ը և ծխողների 60%-ն են ողջ մնացել, իսկ յոթ տարի հետո՝ համապատասխանաբար 75%  և 56%-ը։

Գիտնականները կարծում են, որ կոկորդի քաղցկեղի ախտորոշմամբ ​​մարդկանց համար ծխելը դադարեցնելու ինտենսիվ ծրագրեր են անհրաժեշտ: Նրանք նախատեսում են գնահատել դրանց արդյունավետությունը նոր հետազոտության մեջ:





© NEWS.am Medicine