Կույր մարդը բիոնիկ աչքի օգնությամբ տեսնելու հնարավորություն է ձեռք բերել

22:40   14 հոկտեմբերի, 2014

Կյանքի չորրորդ տասնամյակի առաջին տարիների պիգմենտային ռետինիտ կոչվող դեգեներատիվ խանգարման պատճառով տեսողությունից զրկված եւ 33 տարի բացարձակ մթության մեջ ապրած Լարի Հեսթերը բիոնիկ աչքի օգնությամբ տեսնելու հնարավորություն է ձեռք բերել: ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում գործող Դյուքի համալսարանի Աչքի կենտրոնում պատրաստված տեսանյութն այն պահն է արձանագրել, երբ Լարին առաջին անգամ, Argus II անունը ստացած սարքի օգնությամբ, շրջապատն ընկալելու նշաններ է ցույց տալիս: Սարքը միացնելուն պես նրա դեմքին այնպիսի հիացական ժպիտ է հայտնվում, որ այլեւս պարզ է՝ աչքը լույս է տեսել: 

Argus II պրոթեզային համակարգը դեռեւս 2013թ.-ին է ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության հավանությանն արժանացել: Լարին անբուժելի համարվող եւ գլխավորապես երիտասարդ տարիքում ի հայտ եկող խանգարման՝ պիգմենտային ռետինիտով տառապող մարդկանց տեսողության վերականգնման համար նախատեսված իմպլանտային սարքի առավել կատարելագործված տարբերակն է կրում: Ըստ էության, Argus II-ը փոքր՝ աչքի մեջ ներպատվաստվող էլեկտրոնային սարքից, տեսախցիկներ ներառող ակնոցներից եւ մարմնի վրա կրվող պրոցոսերից է բաղկացած: Ակնոցները իրական ժամանակով ձայնագրված տեսանյութը պրոցեսորին են հաղորդում, որն էլ այն, էլեկտրական ազդանշանի վերածելով, աչքի ցանցաթաղանթի աշխատանք խթանող իմպլանտին է ուղղորդում, հաղորդում է Medical Daily-ն:

Լարի Հեսթերը պիգմենտային ռետինիտով տառապող առաջին հիվանդը չէ, որ Argus II-ի օգնությանն է դիմել: Ընթացիկ տարվա առաջին ամիսներին լույսը մթությունից տարբերելու, դուռը տեսնելու եւ ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն վայելելու երջանկությունը Ֆրեն Ֆուլթոնին էր բաժին հասել: «Հիմա ամեն մի օրս չափազանց հետաքրքիր է անցնում. երբեք չէի մտածի, որ նման բան կարող է տեղի ունենալ ինձ հետ», - խոստովանել է 66-ամյա կինը:

Թեեւ Argus II-ի օգտատերերը կարող են միայն լույս եւ ստվեր տեսնել, սարքի օգնությամբ նրանց աչքի առաջ, բառիս բուն իմաստով, մեծ ապագա է բացվում: «Հիմա կասեք՝ լույսից պարզ բան չկա. այն շատերին անկարեւոր մի բան կարող է թվալ: Բայց հենց դրա օգնությամբ է, որ այսօր ինքնուրույն տուն հասնելու հնարավորություն եմ ձեռք բերել», - նշել է Լարի Հեսթերը:



© NEWS.am Medicine