Երաժշտական հալյուցինացիաների զոհը դարձած բրիտանուհին տարիներ շարունակ նույն երգն է լսել

19:23   16 հոկտեմբերի, 2014

Այն, որ երգը կարող է ուղեղի մեջ խցկվել եւ ստիպել, որ ժամերով նույն մեղեդին արտաբերենք՝ շատերիս է հայտնի: Իսկ հիմա պատկերացրեք, որ ժամերը կարող են ավելի քան մեկ տարի դառնալ: Խոսքը բրիտանուհի Սյուզան Ռութի մասին է, ով 4 տարի շարունակ Փեթի Փեյջի՝ 1952թ.-ին թողարկված «How Much is that Doggie in the Window» երգը լսելուց հետո մինչ այժմ ոչ մի կերպ չի կարողանում երաժշտական հալյուցինացիաներից ազատվել:

«Սկբբից ուղեղիս մեջ հենց նույն՝ «How Much is that Doggie in the Window»-ի մեղեդին էր, բայց ժամանակի ընթացքում այնպես է փոխվել, որ ավելի շատ «Somewhere over the Rainbow»-ին է նմանվում: Երբեմն էլ կարող է «Ծնունդդ շնորհավոր»-ը կամ «Auld Lang Syne»-ը դառնալ», - պատմել է Սյուզանը՝ հույս հայտնելով, որ երաժշտական հալյուցինացիաներով տառապող այլ մարդկանց հետ շփումների արդյունքում կարող է օգտակար տեղեկատվություն քաղել այն մասին, թե ինչպիսի միջոցներ կան՝ ուղեղում ընթացող անվերջանալի համերգից ազատվելու համար: Կինը նաեւ բժիշկների՝ նյարդաբանների եւ թերապեւտների օգնությանն է դիմել, որոնց, ցավոք, անուժ են գտնվել՝ երաժշտությանը դադար տալու հարցում: Սյուզանի ամուսինը երբեմն ստիպված է գոռալով խոսել՝ կնոջ ուշադրությունն իր կողմը հրավիրելու համար, քանի որ երբեմն, ուրվական-երգից բացի, ոչինչ ի վիճակի չէ լսել:

Medical Daily-ի հաղորդմամբ, բրիտանուհու մոտ իրավիճակի վատթարացում հատկապես այն պահերին է նկատվում, երբ շուրջ բոլորը ոչ միայն այլ ձայն չկա, ուստի գիշերային ժամերին, երբ քուն մտնելու նվազագույն հույս անգամ չի մնում, ստիպված է հեռուստացույցը միացրած թողնել: Սյուզանը մանկական տարիքում երկու անգամ վիրահատության է ենթարկվել ականջի ինֆեկցիայից, թմբկաթաղանթի պերֆորացիայից, ինչպես նաեւ հավասարակշռության հետ կապված խնդիրներից ազատվելու նպատակով:

«Վերջերս ամեն ինչ ավելի է բարդացել: Ամեն գիշեր պարտադիր արթնանում եմ «Somewhere Over The Rainbow»-ի ձայնից: Արդեն էլ չեմ դիմանում: Մարդիկ զվարճալի բան են տեսնում այս ամենի մեջ՝ առանց հասկանալու, որ իսկական դժոխքի հետ գործ ունեմ», - պատմել է Սյուզանը:

Տինիտուսի բրիտանական ասոցիացիայի մեկնաբանմամբ, երաժշտական հալյուցինացիան, որ նաեւ երաժշտական տինիտուս անվամբ է հայտնի, այն դեպքն է, երբ երեւակայական երաժշության ձայն է ականջին հասնում: Խանգարումն առավել հաճախ 60-ից բարձր տարիքի կանանց մոտ է ի հայտ գալիս:



© NEWS.am Medicine