Չինաստանը Էբոլայի դեմ փորձնական դեղամիջոց է առաքել Աֆրիկա

12:41   16 հոկտեմբերի, 2014

Չինական դեղագործական ընկերությունը Աֆրիկա է առաքել Էբոլայի դեմ փորձնական դեղամիջոցի մի քանի հազար դեղաչափ։ Սկզբում դեղամիջոցն օգտագործվելու է տարածաշրջանում աշխատող չինացի բժիշկների վարակվելու դեպքում, իսկ հետագայում ծրագրվում է կլինիկական հետազոտություն կատարել, այդ թվում նաեւ աֆրիկացի պացիենտների մասնակցությամբ։ Այս մասին Reuters գործակալությանն է հայտնել չինական դեղագործական Sihuan Pharmaceutical Holdings Group Ltd ընկերության գլխավոր տնօրենի օգնական Հո Ցայսյան։

JK-05 փորձնական դեղամիջոցը մշակել է ՉԺՀ զինվորական բժշկության Ակադեմիան արտակարգ իրավիճակներում բանակի օգտագործման համար։ Այժմ Sihuan ընկերությունը դեղամիջոցը շուկա հանելու հնարավորություններ է փնտրում։

Աֆրիկայում մոտ մեկ միլիոն չինացի է բնակվում, նրանցից 10 հազարը՝ Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում, ուր մոլեգնում է Էբոլան։ ԱՀԿ վերջին տվյալներով Էբոլայով վարակվածների թիվը 9814–ի է հասել, իսկ մահացածներինը՝ 4,5 հազարի։

 



© NEWS.am Medicine