Արյան քաղցկեղը հաղթահարած պատանին սկսել է բոդիբիլդինգով զբաղվել (ֆոտո)

23:36   17 հոկտեմբերի, 2014

2010 թվականին Զաք Զեյլերը 15 տարեկան է եղել, երբ նրա մոտ Հոջքինսի լիմֆոմա են ախտորոշել: Պատանին ոչ միայն չի հանձնվել եւ հաղթահարել է հիվանդությունը, այլեւ սկսել է բոդիբիլդինգով զբաղվել:

Նա սկսել է մարզվել դեռեւս բուժման ընթացքում՝ պարապմունքներին օրական 2 ժամ տրամադրելով: Dailymail.co.uk-ի հետ զրույցում նա ասել է, որ հույս ուներ մարզումների օգնությամբ մի քիչ քաշ հավաքել եւ ավելի պակաս հիվանդագին տեսք ունենալ: Նա չի էլ մտածել, որ մարզումներն այնքան դուր կգան իրեն, որ շուտով կդառնան իր կյանքի անբաժանելի մասը:

Հոդքինսի լիմֆոման մահացու հիվանդություն է, հատկապես, եթե այն ուշ են հայտնաբերում: Զաքի մոտ այն հայտնաբերվել է 1B փուլում, երբ հիվանդության մասին միայն անուղղակի նախանշաններ են ակնարկել (օրինակ՝ ուժեղ քրտնարտադրություն գիշերը): Բժիշկներն անմիջապես ագրեսիվ քիմիաթերապիայի եւ ռադիոթերապիայի են անցել:

Այդ ամբողջ ընթացքում Զաքի ընկերուհին՝ Տարա Հարլին, սիրելիի կողքին է եղել: Սկզբում Զաքի հիվանդության մասին լուրը ցնցել է նրան, քանի որ զույգը կարճ ժամանակ է, ինչ հանդիպում էր, եւ ապագան նրանց անամպ էր թվում: Սակայն աղջիկը մնացել է Զաքի կողքին եւ օգնել ու աջակցել՝ ինչով կարողացել է:

Երիտասարդներն արդեն 5 տարի միասին են: Զաքը 20 տարեկան է, առողջ է եւ շարունակում է զբաղվել բոդիբիլդիգով: Նա հոգ է տանում իր առողջության մասին՝ հույս ունենալով իր օրինակով ոգեշնչել բազմաթիվ մարդկանց:

Զաքը համացանցում բազմաթիվ երկրպագուներ է ձեռք բերել. YouTube-ում տեղադրված նրա նյութերն ավելի քան 11 մլն մարդ է դիտել, իսկ Facebook-ում երկրպագուների թիվը գերազանցում է 68 հազարը:



© NEWS.am Medicine