Փսորիազը մեծացնում է անոթային խնդիրների հետեւանքով մահվան հավանականությունը

12:43   18 հոկտեմբերի, 2014

Չափավոր եւ ծանր փսորիազ ունեցող հիվանդներն անվերահսկելի հիպերտոնիայի առաջացման ռիսկային խմբում են:

Փսորիազը մաշկի բորբոքային հիվանդություն է: Նյութափոխանակության համախտանիշը, բարձր ճնշումը, ճարպակալումը եւ սիրտ-անոթային ռիսկի այլ գործոնները փսորիազ ունեցող հիվանդների մոտ ավելի շատ են տարածված, քան այդ խանգարումները չունեցող մարդկանց մոտ: Փսորիազի ծանր ձեւերը կապված են սրտի եւ ուղեղի կաթվածների, սրտի հիվանդությունից մահվան հետ:

Medical News Today-ի փոխանցմամբ՝ Պերելմանի բժշկական դպրոցը փորձել է հասկանալ, արդյո՞ք փսորիազի բարդության աստիճանն ազդում է մաշկային խնդիրներ եւ հիպերտոնիա ունեցող մարդկանց ճնշման վրա: Հաշվի են առնվել երկու հիվանդությունն էլ ունեցող 1.322 եւ միայն հիպերտոնիայով տառապող 11.977 մարդկանց տվյալները: Պարզվել է՝ որքան ծանր է փսորիազը, այնքան հաճախ է մարդու մոտ հանդիպում անվերահսկելի հիպերտոնիա:

Պետք է անհանգստանան այն հիվանդները, որոնք մոտ վնասված է մաշկածածկույթի 3%-ից ավելին: Մասնագետները նշում են, որ փսորիազ ունեցող եւ չունեցող հիվանդները միանման հաճախ են բուժվել հիպերտոնիայի դեմ, եւ թերապիայի նշանակման հավանականությունը կապ չի ունեցել փսորիազի բարդության հետ: Սակայն նրանք սրտաբաններին կոչ են անում լրջորեն վերաբերվել մաշկային հիվանդության առկայությանը:



© NEWS.am Medicine