Միջերկրածովյան դիետան օգնում է կանխել նյութափոխանակության համախտանիշը

21:06   18 հոկտեմբերի, 2014

Միջերկրածովյան դիետան՝ ձիթապտղի յուղի հավելումով, ի տարբերություն ճարպերի ցածր պարունակությամբ դիետայի, նվազեցնում է նյութափոխանակության համախտանիշի առաջացման վտանգը: Դա կապված է հենց սննդակարգի հետ, այլ ոչ թե քաշը պակասելու կամ կալորիաներ այրելու հետ: Ըստ Science World Report-ի, նման բացահայտում են կատարել Սան Խուանի համալսարանական հիվանդանոցի եւ Ռովիրայի համալսարանի հետազոտողները:

Գիտնականները վերլուծել են խոշոր հետազոտության տվյալները, որին մասնակցել են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման բարձր վտանգի խմբում գտնվող 55-80 տարեկան տղամարդիկ եւ կանայք: Մասնակիցները երեք խմբի են բաժանվել: Առաջին խումբը հետեւել է միջերկրածովյան դիետայի՝ ձիթապտղի յուղի հավելումով, երկրորդ խումբը՝ միջերկրածովյան դիետայի՝ ընկուզեղենի հավելումով, իսկ երրորդ խումբը՝ ճարպերի ցածր պարունակությամբ դիետայի:

Որոշ ժամանակ անց գիտնականները գնահատել են, թե ինչպես է միջերկրածովյան դիետան ազդել կամավորների առողջության վրա: Պարզվել է, որ այն զգալիորեն նվազեցրել է նյութափոխանակության խանգարումների ռիսկը:

5801 մասնակիցներից 64%-ի մոտ նյութափոխանակության համախտանիշի որոշ ախտանշաններ են ի հայտ եկել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեծերի շուրջ 25%-ը բախվում է նման խնդրի: Նյութափոխանակության համախտանիշի նշաններից են գոտկատեղի մեծ զանգվածը, արյան բարձր ճնշումը, «լավ» խոլեստերինի ցածր մակարդակը, արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը, որը մեծացնում է շաքարախտի առաջացման վտանգը: Ախտորոշումն արվում է երեք եւ ավելի նախանշանների առկայության դեպքում:

 

 



© NEWS.am Medicine